«Փարավոնները՝ ծիրան գնողները, սկսում են ջոկել, 50 տոկոսը թողնում են դաշտի մեջ․ խեղճ քարակերտցին լաց է լինում»․ Քարակերտի բնակիչ

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, որտեղ, ի տարբերություն Հայաստանի մի շարք գյուղերի և համայնքների՝ ծիրանի բերքահավաքը մոտ 1 շաբաթ առաջ է սկսվել, գյուղացիների խոսքով՝ տխուր իրավիճակ է։

168.am-ի հետ զրույցում Քարակերտի բնակիչ Տոնական Կարապետյանը նախ ներկայացրեց իր 1 հեկտար այգու վրա կատարած աշխատանքներն ու ներդրած գումարը, ապա հարցրեց, թե ինչպե՞ս է բանկի գումարը վերադարձնելու․

«200 ծառ ունեմ, 500.000 դրամի սրսկում եմ արել, 400.000 դրամ էտին եմ տվել, մյուս ծախսերն էլ որ հաշվեմ՝ ոռոգում, տրակտորիստի փող և այլն, միլիոնուկես ծախս եմ արել։ Եթե այսօր 1 միլիոնը կարողանամ բանկին տալ՝ փառք ա։ Բայց չկա, ո՞նց եմ տալու․․․»։

Խնդիրը կապված է ծիրանն էժան գնով մթերելու հետ։ Գյուղացիների խոսքով՝ բոլոր գնորդներն իրար հետ պայմանավորվածություն ունեն՝ ծիրանի հստակ գին են սահմանել՝ 100-200 դրամ․

«Որքան լսել եմ՝ հայկական ծիրանն այսօր Մոսկվայում մեր փողով 3000 դրամ է, բայց ֆուռով ծիրան տանողները բոլորն իրար հետ պայմանավորվում են ու ծիրանի գինը դարձրել են ջրի գին՝ 100-200 դրամ։ Մի հատ էլ ասում են՝ էսի չե՛մ տանում, էնի չե՛մ տանում, կամքը թելադրում է՝ ոնց ուզի։ Գյուղացին, եթե մի քիչ էլ բերքը շատ եղավ, կանգնում է փաստի առաջ, ինչ կուզեն՝ գյուղացու գլխին կանեն, ոնց կուզեն՝ կշարժվեն, եթե գյուղացին էլ մի բառ խոսի, կասեն՝ ես քո ապրանքը չեմ տանում, վեշերը հավաքում, գնում են։ Էն վիճակի մեջ են դնում գյուղացուն, որ բառ խոսելու իրավունք չունի։ Գյուղացին տանջվել, քրտինք թափել, մշակել է, բայց խոսելու իրավունք չունի, ոնց կուզեն՝ գլխին «կխփեն», սա է իրականությունը․․․ Դու առևտրական լինելով հանդերձ՝ 10 անգամ ավելի եկամուտ պետք է ստանաս, քան քրտինք թափող մարդը․․․

Խեղճ քարակերտցին կրակն է ընկել, լաց է լինում, ասում է՝ եկեք, ձրի տարեք, մենակ տարեք, չմնա՝ փչանա»։

Տոնական Կարապետյանը նաև շեշտեց՝ եթե անգամ 200 կամ, լավագույն դեպքում, 300 դրամով են ծիրանը գնել, իրականում դա գյուղացու վրա կես գինն է արժեցել․

«Որ ասում են՝ 200-300 դրամով ծիրան են գնում, դա էլ է դեմագոգիա։ Ախր, դուք պետք է գաք ու տեղում նկարեք, Երևանում նստելով չի՛ լինի։ Գյուղացին բերքը քաղում է, ընդ որում՝ 1 կիլո ծիրան քաղելու համար ուզում են 50-70 դրամ, գործարանն ընդունում է 70 դրամով։ Գյուղացին քաղում, բերում-լցնում է ծառերի տակ, արդեն աղեքը՝ տանողները, մեր փարավոնները, գալիս, սկսում են ջոկել՝ էսի չեմ տանում-էնի չեմ տանում, ուղիղ 50 տոկոս են անում։ 50 տոկոսը թողնում են դաշտի մեջ, 50՝ տանում։ Ի՞նչ 300 դրամ, դարձավ 150, այսինքն՝ 150 դրամից բարձր գին չի՛ եղել դե ֆակտո։

Անդրադառնալով Կառավարության գործունեությանը, մասնավորապես գյուղատնտեսությամբ զբաղվողների համար իրականացվող ծրագրերին, իսկ ամենակարևոր պահին՝ բերքահավաքի ժամանակ, գյուղացուն միայնակ թողնելուն, Քարակերտի բնակիչն ասաց․

«Ժողովրդի հանդեպ հոգատար վերաբերմունքը լրիվ ուրիշ բան է, դեմագոգիան՝ ուրիշ բան»։

Քարակերտի բնակիչը դժգոհեց նաև թունաքիմիկատներից՝ ասելով, որ պետությունն այնտեղ պատշաճ վերահսկողություն չի իրականացնում, դրա համար էլ գյուղացիներին խաբում՝ չինական դեղը շվեյցարականի տեղ վաճառում են։ Արդյունքում՝ բերքը չի ունենում այն տեսքը, որի համար գյուղացին այդքան վճարում է։

Հիշեցնենք, որ նույն պատկերը շաբաթներ առաջ Արարատի մարզում էր։ Գյուղացիներն ասում էին, որ գնորդներ չկան, իսկ չրի գործարանները 40-50 դրամով էին պատրաստ մթերել բերքը։

Տեսանյութեր

Լրահոս