Դանակահարություն՝ Առատաշենում
Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։
Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ ստացան, որոնք իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ հուլիսի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Առատաշենի բնակիչներից մեկը վիճաբանության ժամանակ դանակով խփել էր տուժածի որովայնին: Ճշտվեց նրա ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքն արդյունք տվեց նույն օրը։
Առատաշենի 39-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացավ Վաղարշապատի քննչական բաժին, ներկայացրեց հանցագործության գործիք դանակը և տվեց խոստովանական ցուցմունք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ 39-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Կատարվում է նախաքննություն։