Իսրայելը վերաբացում է Թուրքիայում իր առևտրատնտեսական ներկայացուցչությունը
Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 1-ից։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Օրնա Բարբիվայը նշել է, որ այս քայլն արտացոլում է Իսրայելի կենտրոնացումը Թուրքիայի հետ տնտեսական կապերի խորացման վրա։
Նա հավելել է, որ մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել թուրք-իսրայելական առաջին համատեղ տնտեսական համաժողովը վերջին տասնամյակում։
Ըստ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության՝ Ստամբուլի գրասենյակի վերաբացումը կօժանդակի ներկայումս թուրքական շուկա արտադրանք արտահանող շուրջ 1540 իսրայելական ընկերություններին և կամրապնդի նրանց բիզնես գործունեությունն այս շուկայում։
Թուրքիան Իսրայելի տնտեսության համար չորրորդ կարեւորագույն առեւտրային գործընկերն է։ Իսրայելի և Թուրքիայի միջև գոյություն ունի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 1-ից։