«Էս երկու տարի է` գործ ենք անում». վարչապետի եղբայրն անտառային տարածքներ է վարձակալել և հանգստի գոտի է կառուցում. «Հետք»

«Հետք»ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը` Արտակ Փաշինյանը, 0,7 հա անտառային տարածք է վարձակալել Տավուշի մարզում և հանգստի գոտի է կառուցում։

2020թ․ սեպտեմբերին Արտակ Փաշինյանը Սևքարի անտառտնտեսության տարածքում երկու հողակտոր է վարձակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից։

Տարածքներից մեկը 0,5 հա է, որի համար սահմանվել է 240 000 հազար դրամ տարեկան վարձավճար, երկրորդն ավելի փոքր է՝ 0,2 հա, որի համար Արտակ Փաշինյանը պետք է վճարի 103 200 դրամ։

Հիշեցնենք՝ «Հետքն» ուսումնասիրել էր Հայաստանի անտառների վարձակալներին մինչև 2019թ․-ը և պարզել, որ մեծ մասը պաշտոնյաներ են, նրանց հետ փոխկապակցված անձինք կամ ընկերություններ և հանրությանը քիչ թե շատ հայտնի անհատներ։

Շրջակա միջավայրի նախարարությունից խնդրել էինք 2020 թվականից հետո մինչ օրս վարձակալության տրամադրված տարածքների և վարձակալների մասին տեղեկություններ տրամադրել։ Այս ընթացքում, ըստ ՇՄՆ տեղեկատվության, անտառների վարձակալության 11 պայմանագիր է կնքվել, որից երկուսը՝ Արտակ Փաշինյանի հետ։

Անտառային այս տարածքներն Արտակ Փաշինյանը վարձակալել է 20 տարի ժամկետով՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով։

Այդ տարածքների համար մրցույթներ են հայտարարվել, և պայմանագրերն Արտակ Փաշինյանի հետ կնքվել են մրցույթում հայտարարված մեկնարկային արժեքով։ Կադաստրի կոմիտեի քարտեզը Google-ի քարտեզի հետ համադրելով՝ կարողացանք պարզել, որ Արտակ Փաշինյանի վարձակալած տարածքը Ենոքավան գյուղից վերև է։

Սևքարի անտառտնտեսության տնօրեն Մհեր Արզումանյանը մեր հարցը՝ թե ի՞նչ է կառուցվել կամ ինչպե՞ս է օգտագործվում տարածքը, լսելուց հետո ասաց, որ վաղը զանգենք, կճշտի կասի։

Մի քանի օր շարունակ մեր պարբերական զանգերին Մհեր Արզումանյանն այլևս չպատասխանեց։ Այսօր այլ հեռախոսահամարից նրան զանգահարեցինք, քիչ ուշ ինքը կապ հաստատեց:

«Իր տարածքը մեր տարածքից շատ հեռու է, և ամեն ժամանակ չէ, որ մենք կարանք գնանք նայենք, բայց ընթացքում հաստատ տեղեկություն հավաքում ենք` ով ինչ է արել, գնում ենք այցերի, ստուգում ենք: Ինչ-որ խնդիր չկա իրա մոտ: Կարա իրա տարածքում բեսեդկա, բան սարքած լինի, ասենք` ոչ բետոնային կամ այդ տիպի մի բան»,- ասաց Մհեր Արզումանյանը:

Կառուցապատման իրավունք, ըստ անտառտնտեսության ղեկավարի, Արտակ Փաշինյանը չունի:

Արտակ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս հայտնաբերեցինք, որ հունիսին իր վարձակալած տարածքում հյուրընկալել է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին, այժմ Հանրային հեռուստատեսության մի խումբ լրագրողների՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։

Լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ Սևքարում վարձակալած անտառային տարածքում Արտակ Փաշինյանը փայտյա քոթեջներ, հանգստի տաղավարներ և հյուրատնային տնտեսություն է կառուցել։

Արտակ Փաշինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ տարածքը վարձակալել են տուրիստական նպատակներով, բայց դեռևս չի գործում:

Վարձակալն ասաց, որ տարածքում զրուցարաններ (բեսեդկա) են սարքված, բայց դեռ անելիքներ կան:

«Հլը որ գործ ենք անում, էս երկու տարի է` գործ ենք անում»,- ասաց Արտակ Փաշինյանը:

Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս