Սեդա Սաֆարյանը քաղաքական գործիչ է. Էդգար Ղազարյան՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին․ ՈՒՂԻՂ
«Սահմանադրության օրով պետք է արձանագրել այն փաստը, որ Սահմանադրական դատարանից անհետացել է Սահմանադրության մայր օրինակը: Վերջին անգամ Արման Դիլանյանը դա հանձնել է Վահե Գրիգորյանին, ով տարել է ՀՀ նախագահի երդման արարողությանը՝ ԱԺ դահլիճ, ու այդ օրվանից ՍԴ չի վերադարձվել»,- «Հայելի» ակումբում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Խոսելով Սահմանադրական դատարանի մասին՝ նա նշել է. «Կրճատվեց դատավորների պաշտոնավարման ժամկետը, որի արդյունքում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանին փոխարինում են մեկ այլ քաղաքական գործիչ, իրենց հերթական ակտիվիստներից մեկով՝ Սեդա Սաֆարյանով:
Սեդա Սաֆարյանը քաղաքական գործիչ է, և հերթական քաղաքական նշանակումն է: Նույնը վերաբերում է մյուս բոլոր դատավորներին:
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը մեդալ է հանձնում ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանին: Պարգևատրում է մի դատավորի, որին իրենք են գործուղել ՍԴ:
Եթե հիմա Արթուր Վաղարշյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքից ստացել է պետական պարգև, նշանակում է՝ Կառավարությանը վերաբերող որևէ հարցի քննարկմանը նա այլևս որպես դատավոր մասնակցելու իրավունք չունի, պետք է ինքնաբացարկ հայտնի: Ներքին զորքերի կազմավորման 30-ամյակի, Հուլիսի 5-ի առիթով Փաշինյանը պարգևատրման է ներկայացրել հատկապես այն պաշտոնյաներին, ովքեր պետք է դատվեին իրենց ապօրինությունների համար»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել փաստաբան Սեդա Սաֆարյանին: Դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորների՝ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը: