«Նիկոլի նշանակած խամաճիկի առաքելությունն ամեն բան տեսնելն ու լռելն է». Աննա Գրիգորյանը՝ նախագահականի մոտ
«Նա այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը պահելու, այլ ՔՊ շահերը պահպանելու համար»,- այս մասին «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթի ընթացքում ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սակայն, ըստ նրա, այստեղ մի լուրջ խնդիր կա, որովհետև նախագահականում նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված կամ, ավելի ճիշտ կլինի ասել, Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը:
«Նա այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը պահելու, այլ ՔՊ շահերը պահպանելու համար: Նա այստեղ է եկել, որպեսզի լռի, իր հիմնական առաքելությունն այստեղ ամեն բան տեսնելն ու ամեն ինչի մասին լռելն է: Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, նա լռում է, երբ ՀՀ սուվերեն տարածքից առևանգվում է հայ զինծառայող, այստեղ նստած անձը դակում է, ստորագրում է ցանկացած օրենք, որ գալիս է ԱԺ-ից, բայց նույնիսկ ծպտուն չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր»,- նշեց Աննա Գրիգորյանը: Պատգամավորը շարունակեց՝ ասելով, որ այստեղ՝ նախագահականում նստող մարդը, որ պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահեր, նորից լռում է, նա լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, երբ հատուկ միջոց է կիրառվում ժողովրդի նկատմամբ, հետապնդվում է ցանկացած մեկը, ով այլախոհ է, տասնյակ քաղբանտարկյալների առկայության դեպքում նա լռում է:
«Նորից եմ ասում, սրա միակ առաքելությունը լռելն է, ուրիշ բան չունի անելու, բացառապես պահում է ՔՊ խմբակի շահերը: Առհասարակ պառլամենտական երկրում նախագահական ինստիտուտն անարգվել է, հանրապետության նախորդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, լինելով նախագահ, հրաժարական է ներկայացնում մեկ այլ երկրի տարածքից, նույնիսկ հարկ չհամարելով գալ ու քաղաքացիներին բացատրել, թե ինչու է հեռանում»,- նկատեց Աննա Գրիգորյանը՝ հավելելով, եթե նախագահի աթոռը թափուր լիներ, դրանից որևէ բան չէր փոխվելու, որովհետև նա ունի զրո գործառույթը, որը վերաբերում է երկրի շահերին:
«Բայց, սիրելի ժողովուրդ, մենք միասին վերականգնելու ենք Սահմանադրության տառն ու ոգին, այնպես որ, պայքարը շարունակվում է»,- այսպես ավարտեց իր ելույթը ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը: