Իշխանությունները Ձեր թիկունքում ձեռք են բերել հանձնելու պայմանավորվածություն. հայ ժողովուրդը տեղյակ չէ. Իշխան Սաղաթելյան

«Ո՞ւմ է ձեռնտու այս շտապողականությունը, ինչո՞ւ է շտապում Հայաստանը»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի իր ելույթում նման հարց հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա ասաց, որ երեք օր առաջ դավաճանը հայտարարեց իր հերթական՝կապիտուլյացիայի գնալու քայլերից մեկի մասին, ասելով, որ պատրաստվում են առաջիկայում հանձնել Բերձորը: Սաղաթելյանը հիշեցրեց, որ իրենց վերջին հանրահավաքների ընթացքում, նաև Արցախ այցից հետո այս խնդրին շատ մանրամասն անդրադարձել են, իսկ այսօր ավելի մանրամասն կանդրադառնա՝ բարձրացնելով մի շարք հարցեր:

Սաղաթելյանն արձանագրեց, որ Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհի շինարարության հարցն իսկապես ճակատագրական խնդիր է: Նա նաև նշեց, որ իշխանություններն իրենց բոլոր քայլերը փորձում են իբրև թե հիմնավորել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով: Սաղաթելյանը մեջբերեց նոյեմբերի 9-ի աղետալի հայտարարության 6-րդ կետով նախատեսված հատվածը:

«Այս կետով հիմնավորում են Բերձորը հանձնելու գործընթացը: Հիմա առաջանում է մի քանի հարց, որը ես ուզում եմ հրապարակային հնչեցնել:

Առաջինը՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ: Ուրեմն՝ ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում և ի՞նչ մակարդակով է ձեռք բերվել այդ համաձայնությունը, կա՞ն արդյոք համաձայնություններ, և դրանք ստորագրվա՞ծ են: Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին Ձեր թիկունքում ձեռք են բերել պայմանավորվածություն Բերձորը հանձնելու կապակցությամբ, և նաև կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, համաձայնություն, որի մասին հայ ժողովուրդը տեղյակ չէ:

Երկրորդ՝ երեք տարիների ընթացքում ընդամենը պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ 20 ամիս Ադրբեջանը կառուցել է 32 կմ ճանապարհահատված և արագացված ընթացքով փորձում է առաջ մղել իր շահերը: Ո՞ւմ է ձեռնտու այս շտապողականությունը, ինչո՞ւ է շտապում ՀՀ-ն:

Երրորդ՝ Արցախի և Հայաստանի միջև նոր ճանապարհը ենթադրում է նոր կոմունիկացիաներ, գազամուղ, էլեկտրական հաղորդալար, հեռահաղորդակցության մալուխ: Ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում են լուծվելու այս հարցերը: Ո՞ւմ իրավասության ներքո են լինելու այդ ենթակառուցվածքներն ու դրա շահագործման պայմանները:

Չորրորդ՝ ինչպե՞ս են կառավարվելու ամայի տարածքներով անցնող նոր ճանապարհի սպասարկման անվտանգության հետ կապված ռիսկերը: Որքանո՞վ է երաշխավորված լինելու Արցախի հետ Հայաստանի անխափան ցամաքային կապը:

Հինգերորդ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մի շարք պարտավորություններ սահմանում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար պարտավորություններ: Վերջինս այս ընթացքում ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունների զգալի մասը, այդ թվում՝ 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների ու պահվող այլ անձանց փոխանակելու մասով, այլև բացահայտ խախտել է նույն համաձայնագրի հենց առաջին կետը, որտեղ հստակ նշվում է, որ զինադադարից հետո կողմերը պետք է կանգ առնեն զբաղեցրած դիրքերում, բայց դրանից հետո բոլորս գիտենք՝ մենք քանի տարածքներ ենք կորցրել՝ Խծաբերդը, Փառուխը, Գորիս-Կապան ճանապարհը, և թշնամին շարունակում է շարժվել առաջ»,-ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ ամենի պատճառն այն դավաճան իշխանությունն է, որը նստած է կառավարությունում:

Տեսանյութեր

Լրահոս