Այո, ինձ հրավիրել էին ԱԱԾ, խորհուրդ կտամ՝ իրենց ձեռքերը հեռու պահեն. Անժելա Թովմասյան

168.am-ը գրել էր, որ  իր տեղեկություններով՝ իշխանությունները քրեական հետապնդում են սկսել «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանի նկատմամբ՝ նույն այն «հանցակազմի» շրջանակներում, ինչ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքում, ով այս պահին կալանավորված է: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Կապ հաստատեցինք Անժելա Թովմասյանի հետ, ով նշեց, որ այս մասին իմացել է 168.am-ից և «Հրապարակ» թերթից:

«Չեմ բացառում, որ այդպես լինի, որովհետև մոտավորապես 10 օր առաջ, այո, ինձ հրավիրել էին ԱԱԾ՝ Արմեն Գրիգորյանի գործով, բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նպատակն ամենևին դա չէ. որպես վկա էին կանչել, հետո ասացին՝ կարող ենք հիմա ձեզ նաև որպես կասկածյալ ներգրավել: Սկսեցին տարբեր բնույթի հարցեր տալ, ես հասկացա, որ թիրախում ես եմ: Տարբեր ձայնագրություններ էին ցույց տալիս, հարցազրույցներից ՝ հատվածներ, փորձում էին ինձանից ինչ-որ բացատրություն, պարզաբանում ստանալ, ես հարցերին չէի պատասխանում՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում կգամ փաստաբանի հետ, որը Հայկ Ալումյանն է: Իսկ մի դրվագի հետ կապված, ոը ցույց էին տալիս, ասացի՝ գուցե պատմական ակնարկ է դա եղել: Ես զգում եմ, որ 1.5 ամիս է՝ թիրախում եմ հայտնվել, բոլոր առումներով ճնշումներ եմ զգում սոցցանցերում, հարվածի տակ է եղել մեր Youtube-ի էջը: Շատ կոնկրետ բացատրական աշխատանքներ են տանում մեր գովազդատուների հետ, փորձում են ֆինանսապես ճնշել»,- ասաց Անժելա Թովմասյանը:

Նա շեշտեց՝ վստահ է, որ հանձնարարական կա իր անձի հետ կապված.

«Փորփրել, չեն կարողացել որևէ բան գտնել, փորձում են «գործ կարել», գործ սարքել: Այս ամեն ինչը հիշեցնում է 1930-ական թվականները՝ մարդը կա՝ պրոբլեմը կգտնենք: Հիմա հոդվածը կգտնեն: Սա փորձում են տարածել խմբագրի, կոնկրետ իմ անձի վրա: Երկիրը հարվածի տակ, պետականության կորստի վտանգի առջև է կանգնած Արցախը, Հայաստանը, ԱԱԾ-ին ընկալում եմ ավելի լուրջ կառույց, խորհուրդ կտայի՝ նման հանձնարարականներով չզբաղվել: Վստահեցնում եմ բոլորին՝ այնպես չէ, որ շատ հանգիստ են մարսելու, եթե փորձեն, համարձակվեն այդ ուղղությամբ գնալ: Իրենց խոստանում եմ մեծ աղմուկ: Շատ տարօրինակ, զավեշտալի է այս գործը, խորհուրդ կտամ՝ իրենց ձեռքերը հեռու պահեն»:

Հավելենք, որ այսօր 168.am-ի ձեռքի տակ էր հայտնվել տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում (ԻԿ) կատարված համեմատական ստուգմամբ պարզվել է, որ առանց բաժին մուտք անելու՝ ԻԿ է ուղարկվել ԱԱԾ քննչական վարչության կողմից հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով հարուցված 5822122 քրգործի ձև մեկ վիճակագրական քարտը՝ Անժելա Վարդանի Թովմասյանի կողմից ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Տեսանյութեր

Լրահոս