«Ռուսական կողմից պարզաբանել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով». Արարատ Միրզոյան
«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել ԼՂ, մենք ձեռնարկել ենք գործողություններ, կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ իշխանությունների, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ, այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները, առավել ևս՝ ԱԺ պատգամավորները, պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ ռուսական կողմի պատասխանը եղել է այն, ինչ Միրզոյանը ներկայացրե՞ց:
«Այո, ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և ահա այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում»,- պարզաբանեց Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում