«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ». Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե որևէ գաղտնիք չկա, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ.

«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, քննարկել ենք այն, ինչ վերջին 1 տարվա ընթացքում քննարկվել է, և արձանագրվել է նաև Բրյուսելում՝ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով, այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները երկու կողմերի»:

Իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ կան երկկողմ ձևաչափից, արդյո՞ք այլ պայմանավորվածություններ ձեռք բերվել են, թե՞ ոչ:

«Մեր պատկերացումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ, մենք տեսնում ենք ԼՂ համակարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում, ըստ էության, այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այդ որոշումը ուժի մեջ է:

Ցավոք, համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա, բայց ես ձեռնպահ կմնայի այդպիսի ձևակերպում տալ, որը դուք արեցիք՝ երկկողմ ձևաչափ: Երկկողմ ձևաչափ գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է խոսակցություն՝ բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե բովանդակային բանակցություններ»:

Տեսանյութեր

Լրահոս