Բանակի կազմալուծման համար ամբողջապես կազմալուծել են Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքը. Չալաբյան

Ադրբեջանում պատերազմից հետո ամեն օր իրականացվում են գործողություններ՝ ուղղված այդ երկրի բանակի արդիականացմանը, փոխարենը՝ չեն արդիականացվում Հայաստանի Զինված ուժերը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով.

«Մեր բանակում արդիականացման որևէ տեսանելի և շոշափելի գործողություն չի կատարվում»։

Ավելին, նրա փոխանցմամբ՝ կատարվում է հակառակը՝ արդիականացվելու փոխարեն՝ Հայաստանի ռազմարդյունաբերական ծրագրերին բյուջեով հատկացված գումարները կրճատվում և հետ են ուղարկվում պետական բյուջե։

«Օրինակ՝ անցյալ տարի ռազմարդյունաբերական ծրագրերի համար պետական բյուջեով հատկացվել է 4.6 միլիարդ դրամ, որից 2.6 միլիարդ դրամը հետ է ուղարկվել պետական բյուջե։

Չի՛ ծախսվել, որովհետև այս Կառավարության օրոք ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքը կազմալուծված է ամբողջապես. կոմիտեն նույնիսկ ընդունակ չէ փող բաժանել։ Կոմիտեի աշխատանքը լիարժեք կազմալուծված է, իսկ դա արվել է բանակի կազմալուծմանն ընդառաջ, բայց որպեսզի դա հրապարակային չլինի, տարվա սկզբին ընդունում են բյուջե, որի 60 տոկոսը տարվա ընթացքում հետ է վերադարձվում»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով, որ այն մարդիկ, որոնք այսօր փորձում են ռազմարդյունաբերությունը զարգացնել, դա անում են ի հեճուկս այս Կառավարության։

Նշենք, որ խոսքն այս դեպքում 2021-ի տարեվերջին կառավարության երկու  որոշման մասին է (2070-Ն, 2156-Ն), որով բյուջեում կատարվել էր վերաբաշխում և ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից կրճատվել էր, համապատասխանաբար, մոտ 621 մլն դրամ և 1 մլրդ 955 մլն դրամ: Այսինքն՝ գումարային ընդհանուր կրճատվել էր 2 մլրդ 576 մլն դրամ:

2022 թվականի ռազմարդյունաբերությանը հատկացված բյուջեից էլ կրճատում արվել է օրերս՝ ապրիլի 7-ի կառավարության նիստում։

Կրճատվել է  295 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս