Ստյոպա Սաֆարյանի հայցն ընդդեմ Սաթիկ Սեյրանյանի և «168 ժամի»՝ Վերաքննիչ դատարանը նույնպես մերժեց. առջևում Վճռաբեկի բարձունքն է
Այսօր «168 ժամ» ՍՊԸ-ն և «168.am» կայքի և «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմից ստացել են 24.02.2022թ. ամսաթվով դատարանի կայացրած որոշումը՝ ըստ հայցի՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանն ընդդեմ պատասխանողներ Սաթիկ Գերասիմի Սեյրանյանի, «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, նյութը հեռացնել պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահող դատավոր Ա. Խառատյանի նախագահությամբ, ևս որոշել է Ստյոպա Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժել և այս գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 23.07.2021թ. վճիռը թողնել անփոփոխ:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույնքան ժամանակում էլ կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան:
Իսկ ի՞նչ հայց էր մուտքագրվել առաջին ատյանի դատարան Ստյոպա Սաֆարյանի կողմից:
Գործի դատավարական նախապատմությունը.
Ստյոպա Սաֆարյանը 07.12.2020թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ պատասխանողներ Սաթիկ Սեյրանյանի, «168 ԺԱՄ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, նյութը հեռացնել պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների վերաբերյալ:
Դատավոր Արշակ Պետրոսյանի՝ 10.12.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Ստյոպա Սաֆարյանը դարձյալ նույնաբովանդակ հայցադիմում է ներկայացրել` խնդրելով՝
1. պարտավորեցնել «168 ԺԱՄ» ՍՊԸ-ին և Սաթիկ Սեյրանյանին հրապարակայնորեն հերքել 13.10.2020թ. www.168.am կայքում հղմամբ հրապարակված «Վլադիմիր Սոլովյովի արձագանքը Ստյոպա Սաֆարյանի գրառմանը» վերտառությամբ և հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու համբավն արատավորող հետևյալ բովանդակությամբ նյութը. «Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու է Եվրոպան ամեն մի հատ Նավալնու համար պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ոչինչ չի նախաձեռնում: Վերջապես արևմտամետ ուղեղից հիվանդները սկսում են հասկանալ, որ Եվրամիությունն ու KO-ն սոսկ հրահրիչներ են, իսկ Թուրքիան նրանց տարանն է կամ հետևակը, անվանեք, ոնց կուզեք»:
Ստյոպա Սաֆարյանը նաև պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, հեռացնել նյութը կայքից և 2.000.000 ՀՀ դրամ էլ պահանջել էր՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:
Այս դիմումը ևս դատավոր Արմենուհի Բադիրյանի որոշմամբ 28.10.2020թ. վերադարձվել է պատշաճ ներկայացնելու համար, ապա 25.01.2021թ. ամսաթվով ընդունվել վարույթ:
31.03.2021թ. հայցվոր Ստյոպա Սաֆարյանը դատարանին է ներկայացրել նախագահող դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն՝ կապված փաստաբան Հայկ Ալումյանի և հայցվորի ներկայացուցչի նույն քրեական գործով մասնակցության և նախագահող դատավորի հետ ընտանիքի անդամ հանդիսանալու հանգամանքների հետ:
Խոսքն այն մասին է, որ Արմենուհի Բադիրյանը Հայկ Ալումյանի կինն է, իսկ Ստյոպա Սաֆարյանի քույրը՝ Սեդա Սաֆարյանը, հայցվոր կողմի ներկայացուցիչ է Մարտի 1-ի գործով:
Թե ինչ կապ ունի նշված հանգամանքն այս գործի հետ, թող որոշի ընթերցողը:
Իր դիրքորոշման մեջ պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նկատել է՝ հարցը ծագել է նրանից, որ Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան ալիքում հրապարակվել է հոդված, որտեղ հայցվորին անվանել են Հայաստանում հայտնի գրանտակեր, և ցանկության դեպքում Ստյոպա Սաֆարյանը կարող էր Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան ալիքից պատիվ պահանջել, եթե դրանով խախտվել է իր որևէ իրավունք, այնինչ կողմը որոշել է հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ կատարել Սաթիկ Սեյրանյանի և «168 ժամ» ՍՊԸ-ի վերաբերյալ:
Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Առաջնորդվելով ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ՝ դատարանը գտնում է, որ հայցապահանջը՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, նյութը հեռացնել պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների վերաբերյալ, ենթակա է մերժման՝ հետևյալ հիմնավորումներով.
Հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան՝ իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
Հաշվի առնելով այն հանգամաքը, որ հայցվոր Ստյոպա Սաֆարյանի կողմից կոնկրետ տեղեկատվությունն իրեն հասու լինելու վերաբերյալ այլ ապացույց չի ներկայացվել, այլ փաստական հանգամանք չի վկայակոչվել, դատարանը սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբ է համարում խնդրո առարկա նյութի հրապարակման օրը՝ 13.10.2020թ.:
Այսպիսով, վիճելի հրապարակման մասին հայցվոր Ստյոպա Սաֆարյանը տեղեկացել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, սակայն հայցվորի կողմից հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2020 թվականի դեկտեմբերի 07-ին՝ ենթադրյալ վիրավորանքի կամ զրպարտության մասին հայցվորին հայտնի դառնալուց ավելի քան մեկ ամիս անց: Մասնավորապես, սույն գործով հայցային վաղեմության ժամկետը լրացել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին:
Այսպիսով, նկատի ունենալով, որ հայցվորը բաց է թողել իրավունքի պաշտպանության հայցով դատարան դիմելու ժամկետը, իսկ պատասխանողի ներկայացուցչի կողմից մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, ներկայացվել է միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը գտնում է, որ պետք է կիրառել հայցային վաղեմություն:
Նման պայմաններում պատասխանող կողմի՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության առկայության և այն դատարանի կողմից հիմնավոր համարվելու հիմքով՝ դատարանը եզրահանգում է, որ պետք է կայացնել հայցը մերժելու մասին վճիռ՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
Այսինքն, դատարանն արձանագրում է, որ 13.10.2020 թվականից սկսած, հայցվորը հնարավորություն ուներ ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ հայցվորի կողմից հայցադիմում ներկայացնելու պահին` 07.12.2020 թվականին, հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը լրացած է եղել:
Դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարել 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամը, որը որպես դատական ծախս հայցապահանջի մերժման պարագայում, հայցվոր Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանից ենթակա է բռնագանձման հօգուտ պատասխանողներ «168 ԺԱՄ» ՍՊԸ-ի և Սաթիկ Գերասիմի Սեյրանյանի:
Հենց այս վճիռն է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ինչը նույնպես մերժվել է:
Ի դեպ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճռից ուղիղ մեկ օր անց՝ փետրվարի 25-ին, Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ՝ տենդագին փնտրում էր տեղեկություն այն մասին, թե ինչպես է Սաթիկ Սեյրանյանի կայքը քանիցս խախտել ռազմական դրության պահանջներն ու տուգանվել:
«Հարգելի բարեկամներ, ես հիշում եմ, որ 2020թ. ռազմական դրության ժամանակ Սաթիկ Սեյրանյանի 168.am կայքը քանիցս խախտել է ռազմական դրության պահանջները և ենթարկվել տույժերի։ Ովքեր հստակ տեղեկություններ են տիրապետում՝ ինչ նյութի համար, երբ, քանի անգամ, խնդրում եմ PM գրել։ Շտապ է ու շատ անհրաժեշտ»,- գրել էր Հանրային խորհրդի նախկին նախագահը:
Հատուկ Ստյոպա Սաֆարյանի համար տեղեկացնենք, որ իր փնտրած ինֆորմացիան հասանելի է բոլոր բաց աղբյուրներում, այդ թվում՝ 168.am կայքում, ուր մանրամասն, հատ առ հատ հրապարակումներ կան թե՛ «խախտումների», թե՛ ոստիկանների տարատեսակ, այդ թվում՝ նաև տարաժամ այցերի, և թե տույժերի վերաբերյալ:
Միայն թե երևի Ստյոպա Սաֆարյանը չի հիշում, որ այդ տուգանքների ու տույժերի առնչությամբ կա Սահմանադրական դատարանի որոշումը և Վարչական դատարանի վճիռը:
Սահմանադրական դատարանը հստակ է ասել՝ լրատվամիջոցներին պատերազմի ժամանակ լռեցնելու՝ կառավարության կացնային քաղաքականությունը՝ համապատասխան որոշման տեսքով, հակասահմանադրական է: