Քաղաքապետը հորդորում է Մաշտոցի պողոտայում գետնին դրված սննդից չգնել․ Մաշտոցի պողոտայում ամենաշատ արտանետումներն են տեղի ունենում
«Բացօթյա առևտուր իրականացնելու դեպքերով մեկ շաբաթում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 10 արձանագրություն»,- այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին Առևտրի և ծառայությունների վարչության հասարակական կարգի պահպանության ծառայությունից:
«Ամբողջ Հյուսիսային պողոտան ոնց որ առևտրի կենտրոն դարձած լինի: Հա, կտանենք, կտուգանենք, բայց արդյունք չկա: Այսինքն, իրավական փոփոխություն պետք է անենք, որ կարողանանք առաջ գնալ: Որ բերում-ասում են՝ տուն ենք պահում, ընտանիք ենք պահում, լավ, բայց դա չի նշանակում, որ մնացած քաղաքացիների հաշվին այդ ամենը պետք է իրականացվի: Սնունդը, որ Մաշտոցի պողոտայում ծախում են՝ հորդորում եմ քաղաքացիներին՝ գնում չիրականացնել: Դրված է գետնին: Մաշտոցի պողոտայում ամենաշատ արտանետումներն են տեղի ունենում. ավտոմեքենաների քանակը՝ շատ, խցանումները՝ շատ: Այդ ամեն ինչը գալիս, շերտ-շերտ նստում է, հետո տանում եք՝ ձեր երեխան, թոռն է ուտում, դուք եք ուտում: Հետո տարբեր առողջական խնդիրներ են գալիս: Այսինքն, եթե մենք այնտեղից առևտուր չիրականացնենք՝ իրենք այնտեղ չեն լինելու»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ տեղ էին հատկացրել փողոցում առևտուր անողներին, սակայն նրանք այլընտրանք չեն ուզում, փողոցում են ուզում վաճառել:
«Իմ տեսածները օրվա հացի հարց լուծողները չեն»,- նշեց քաղաքապետը:
Առևտրի և ծառայությունների վարչության հասարակական կարգի պահպանության ծառայությունից հաստատեցին՝ մարդ կա՝ խանութ ունի, սակայն նախընտրում է զուգահեռ փողոցում առևտուր անել՝ պարզաբանելով, որ լավ առևտուր է իրականացվում: