Աշխատանք չկա, աշխատավարձը՝ ցածր, հարկեր են բարձրացնում. ԱՊՊԱ-ի թանկացման դեմ հերթական բողոքի ակցիան է իրականացվելու
Վարորդները, ովքեր դժգոհում են ԱՊՊԱ-ի թանկացումից, հերթական բողոքի ակցիան կիրականացնեն:
Փետրվարի 27-ին՝ կիրակի օրը, ժամը 15:30-ին նրանք հավաքվելու են Շահումյան հրապարակում:
«Համոզված եմ՝ բոլորն են մտահոգ այս հարցով ու անպայման կկանգնեն մեր կողքին՝ պահանջելով ականջալուր լինել մեր հորդորին, որն է՝ ԱՊՊԱ-ի վերին շեմի անհիմն բարձրացումը»,- նշում են վարորդները:
«Փոխհատուցումները նորմալ չեն հաշվում, դրա գինն էլ թող բարձրացնեն: Հերիք չէ՝ ժամերով սպասում ենք ԱՊՊԱ-ի գալուն, մի բան էլ վնասը գնահատում են՝ որքան ուզում են: Աշխատանք չկա, աշխատավարձը՝ ցածր, հարկեր են բարձրացնում: Ավելի լավ է՝ ճիշտ գնահատեն վնասի չափը. հաճախորդի շահերը ոչ մի անգամ չեն պաշտպանում ապահովագրական ընկերությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից Գևորգ Սարգսյանը:
Խաչատուր Գասպարյանն էլ այլ կարծիք ունի. «Ընդհանուր ապրանքների ու ավտոպահեստամասերի թանկացման ֆոնին՝ տարվա կտրվածքով 1000-3000 դրամը նորմալ է»,- նշեց նա:
Ապահովագրական բյուրոն իր հերթին՝ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ապահովադիրների 85 տոկոսի՝ Բոնուս-Մալուս ցածր ռիսկայնության և բազիսային խմբում գտնվողների փաստացի ապահովագրավճարը ավելանում է 1500-3000 դրամով։
Ապահովադիրների փոքր մասի՝ բարձր և միջին ռիսկային խմբում գտնվող 15 տոկոս ապահովադիրների դեպքում այդ ավելացումը կլինի ավելի շատ։ Փոքր վնասով պատահարների դեպքում ապահովագրավճարն ավելի քիչ է բարձրանալու, քան նախկինում։ Մինչև 100.000 ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար, որոնք կազմում են ընդհանուր պատահարների շուրջ 50 տոկոսը, ապահովադիրները կստանան ավելի բարվոք 3 մալուսային դաս՝ նախկին 4 մալուսային դասի փոխարեն։ Մեկ պատահարի դեպքում, նույնիսկ, եթե այդ պատահարի արդյունքում պատճառված վնասը 1 մլն 800․000 դրամից ավելի է կազմում, բազիսային ապահովագրավճարը միանգամից չի բարձրանում 300%-ով, այն կարող է ավելանալ նվազագույնը՝ 9, իսկ առավելագույնը՝ 150%-ով։
300% ապահովագրավճարը մարտի 1-ից գործելու է Բոնուս-Մալուս սանդղակի ամենաբարձր մալուսային դասում գտնվող Ապահովադիրների նկատմամբ, ինչը նշանակում է, որ 300%-ից ավելի ապահովագրավճարի բարձրացում ԱՊՊԱ համակարգում նախատեսված չէ։ Ամենաբարձր մալուսային դասը հասանելի է ԱՊՊԱ պատահարներում բազմակի անգամ մեղավոր կողմ լինելու դեպքում։