Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային կարող է լինել քաղաքական, բարոյական, բայց ոչ ավելին․ Sputnik Արմենիա

Թուրքիան աջակցում է Ուկրաինային, սակայն Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մեջ Թուրքիայի ներգրավվելը քիչ հավանական է։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանը։

«Երեկվանից թուրքական բեռնատար ինքնաթիռներ են թռչում Ուկրաինա, լուրեր կան, որ հավանական են որոշակի զինտեխնիկայի մատակարարումներ, սակայն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվելը հավանական չեմ համարում։ Աջակցությունն Ուկրաինային կարող է լինել քաղաքական, բարոյական, բայց ոչ ավելին»,–կարծում է թուրքագետը։

Ինչ վերաբերվում է Թուրքիայի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն և Ռուսաստանի սկսած գործողությունն անընդունելի համարելը, ապա Վեզիրյանի կարծիքով՝ Թուրքիան գործելու է որպես ՆԱՏՕ անդամ երկիր, բայց նաև փորձելու է այնպես դիրքավորվել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չտուժեն։

Հիշեցնենք` այսօր կեսօրին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հրավիրվել էր Անվտանգության խորհրդի նիստ Ռուսաստանի ռազմագործողության քննարկման համար։ ԱԽ նիստից հետո Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի ընդունում և մերժում է Ռուսաստանի սկսած գործողությունը ու կոչ է անում կողմերին խնդիրը լուծել Մինսկի համաձայնությունների շրջանակներում։

Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:

Տեսանյութեր

Լրահոս