Բաժիններ՝

Գիտաուսումնական կենտրոնը վերանվանվել է պրոֆեսոր Աիդա Իսկոյանի անվամբ

Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը վերանվանվել է պրոֆեսոր Աիդա Իսկոյանի անվամբ:

Միջոցառմանը ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, պրոֆեսորի ընտանիքի անդամներ, ուսանողներ:

Գ. Ղազինյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց Աիդա Իսկոյանի ծավալած պրոֆեսորադասախոսական գործունեությունը, որի շնորհիվ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն ակտիվ գործունեություն է իրականացրել՝ ունենալով ծանրակշիռ խոսք թե՛ գիտակրթական ոլորտում, թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ էկոլոգիական հանրության շրջանում. «Աիդա Իսկոյանը ոչ միայն օրինակելի մտավորական էր, այլև հոգատար մանկավարժ, որն իր աշխատասիրության և մանկավարժական հմտությունների շնորհիվ անվանի մասնագետներ է կրթել, նա կապարի այնքան, որքան նրան հիշում են»:

Անդրադառնալով Ա. Իսկոյանի գիտական գործունեությանը՝ Գ. Ղազինյանը նշեց, որ գիտնականը մեծ ներդրում է ունեցել ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կայացման և զարգացման գործում. «Գիտական և կրթական բնագավառներում երկարամյա փայլուն գործունեություն ծավալած պրոֆեսորը մեծ ջանքեր էր գործադրում Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի զարգացման ուղղությամբ»:

Ելույթներով հանդես եկան Ա. Իսկոյանի գործընկերներն ու նախկին ուսանողները՝ Ա. Իսկոյանին հիշելով որպես տաղանդավոր համալսարանականի, որն աչքի էր ընկնում ինչպես մարդկային բարձր որակներով, այնպես էլ մասնագիտական հզոր ներուժով:

Աիդա Իսկոյանը ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում իր տասնամյա գործունեության շնորհիվ այն դարձրել է հարյուրավոր ուսանողների և բազմաթիվ ասպիրանտների՝ էկոլոգիական ոլորտի մասնագետների կերտման դարբնոց:

Նրանցից շատերն ուսումը շարունակել են Շվեյցարիայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի բուհերում, ներկայումս էլ փայլուն գործունեություն են իրականացնում թե՛ որպես գիտնական, թե՛ որպես պրակտիկ աշխատողներ, թե՛ որպես փորձագետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս