«Առաջին տեղն ենք գազի պայթյունների գծով». օգոստոսի 1-ից այն գազաբալոնները, որոնք վկայագրում չեն անցել, չեն լիցքավորվի
Փետրվարի 18-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ այսուհետ ՀՀ-ում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։ Միասնական շտեմարանում մուտքագրվելու են բոլոր այն մեքենաների տվյալները, որոնք լիցենզավորված ընկերությունում փորձարկում են անցել: Շտեմարանը հասանելի է լինելու վարորդներին, գազալցակայաններին, Պարեկային ծառայությանն ու Ճանապարհային ոստիկանությանը:
Վարորդները դանդաղ քայլերով, բայց շտապելով պետք է սկսեն փորձարկման գործընթացը, քանի որ օգոստոսի 1-ից այն գազաբալոնները, որոնք վկայագրում չեն անցել, չեն լիցքավորվի:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք գազաբալոնները ստուգելու մասով ակտիվություն նկատվում է, վերջինը հիշեցրեց հայերին բնրոշ բնավորությունը. կբերեն վերջին օրը:
«Պարտաճանաչ, պատասխանատու մարդիկ գալիս են, ստուգում, ստանում վկայագիր, բայց ինտենիսվությամբ չեն բերում: Ամեն դեպքում, եթե օգոստոսի մեկից վկայագիր չլինի՝ տուգանում են գազալցման կայանին. առաջին անգամ՝ 200.000 դրամ, հետո՝ կրկնակի: Մեր ժողովուրդը չի շտապում՝ ասելով, թե ինչպես միշտ՝ հետևողական չեն լինելու, ուստի ես հորդորեցի գազալցակայաններին, որ իրենց մոտ գրեն ու փակցնեն, որ օգոստոսի մեկից հետո չեն լիցքավորելու այն մեքենաները, որոնք չեն ունենա վկայագիր, որպեսզի վարորդները հասկանան, որ դա լուրջ է:
Մեքենայում ծխելու համար 7000 դրամ վարչական տուգանք կա. ամեն ինչի համար վարորդին տուգանում են, նաև չփորձարկած բալոնի դեպքում թող տուգանեն: Հասկանո՞ւմ եք, առաջին տեղն ենք գազի պայթյունների գծով: Մեծ մասը հաշմանդամ է դառնում սրա հետևանքով, լինում են նաև զոհեր»,- ասաց Մկրտիչ Տիգրանյանը: