
Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Ինչպես տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:
«Ուկրաինան անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված և անօրինական է: Դա սպառնալիք է եվրոպական և տարածաշրջանային կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Հարձակումը ուղղված է ժողովրդավարական հասարակության մեր մոդելին: Դա չի կարող անպատասխան մնալ»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը աջակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը, որոնք Կրեմլին պատասխանատվության կենթարկեն իրենց գործողությունների համար:
Եվրոպայի խորհրդարանը լիակատար համերաշխություն և զորակցություն է հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին: