«Ես հավատում եմ կայունությանն ու խաղաղությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ». Մարինա Կալյուրանդ

Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդան հանդես եկան մամուլի ասուլիսով: Մարինա Կալյուրանդան տեղեկացրեց, որ այսօր Էստոնիայի անկախության օրն է, և տոնի  առթիվ շնորհավորեց իր ժողովրդին։

Այդ համատեքստում լրագրողները նրան հարց ուղղեցին Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի հետ կապված։

«Դուք 2020 թվականին ասում էիք, որ խաղաղությունն Արցախի համար շատ կարևոր է, չե՞ք կարծում, որ այսօր, եթե անկախությունը ճանաչվի, դրանով նաև երաշխավորված ու ապահովված կլինի Արցախում խաղաղությունը»։

Մարինա Կալյուրանդան հարցին պատասխանելուց առաջ նախ հիշեցրեց, որ ինքը նախկինում եղել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը, նախկին դիվանագետ է։

«Ես հավատում եմ դիվանագիտությանը, հավատում եմ, որ բոլորն ունեն խաղաղության ու բարգավաճման իրավունք, դրան կարելի է  հասնել միայն դիվանագիտության միջոցով։

Ես իսկապես ցավում եմ յուրաքանչյուր կյանքի համար, որը կորսվել է, ցավում եմ բոլոր ընտանիքների տառապանքի ու զրկանքների համար, որոնց միջով նրանք անցնում են։ Ասացի, որ հավատում եմ կայունությանն ու խաղաղությանը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, կարծում եմ՝ միայն այդ ժամանակ կարող ենք հասնել խաղաղության բոլոր մարդկանց համար»,- եզրափակեց Մարինա Կալյուրանդան՝ ըստ էության հարցին լիարժեք չպատասխանելով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս