
Դեկտեմբերից սկսած՝ մինչև հունվարի կես միս չեն կերել, դրանից հետո միայն աղացած գարի են կերել․ նախկին աշխատակից

Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:
«20 օրից ավելի է, ինչ կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է տիրում: Կենդանիների անկում է, իրականացվում է կադրային ջարդ, ու պատկան որևէ մարմնից ոչ մի բացատրություն չկա: Մեր պահանջն է հարցի շուտափույթ լուծումը, որովհետև այս ամենը կործանարար է: Տնօրենը պետք է շատ արագ փոխվի: Այգում այսօր պատահական մարդիկ են աշխատում, չի՛ կարելի: Փողոցից պատահական մարդիկ չեն կարող այդ հիմնարկում աշխատել: Բոլոր մասնագետներին հանել են: Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ մոտ մեկ տարի պայքարեցինք, մինչև հասանք մեր նպատակին, պատկան մարմինները հորդորեցին, ու նա դիմում գրեց, իսկ հիմա եկել է իր աջ ձեռքը: Կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր, որոնք ոչ պարզ պատճառով կարճվել են: Տարիներ ի վեր ստուգման ոչ մի արդյունք չի հրապարակվել: Ոչ մի քաղաքացի իրազեկված չէ՝ իր փողերն ո՞ւր են գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը:
168.am-ի հարցին՝ այսինքն, խնդիրը գալիս է սխալ մասնագետներ ընտրելո՞ւց, որովհետև կենդանաբանական այգուց էլ ասում են, որ նախկինում էլ է այսպես եղել, կենդանիներին շատ վատ են պահել, ու հիմա դրա հետևանքով է նման իրավիճակ, Անուշ Ռաֆայելյանը պատասխանեց.
«2011 թվականից այս տանդեմը գործում է: Նախկին ասվածը ո՞րն է: Քանի կար՝ բերեցին կինոռեժիսոր, հիմա՝ ճարտարապետ, վաղը ի՞նչ, պատրաստվում են երաժիշտ կամ նկարիչ բերե՞լ: Այդպես չի լինում, դա սպեցիֆիկ կառույց է, այդտեղ մասնագետ պետք է լինի: Կառավարման խորհուրդ գոյություն ունի, որտեղ առնվազն 8-ը կենդանաբանության և կենսաբանության գծով գիտնական է: Կառավարման խորհուրդը ստեղծվեց՝ տնօրենի միանձնյա որոշումներից զերծ պահելու համար: Ոչ մի բան չի փոխվել. նույն աշխատաոճը, կառավարման ոճը, նույն անհեթեթ որոշումները կայացվում են այսօր: Բազմաթիվ անկումներ են լինում ու արդեն հասել են այն աստիճանի անգրագիտության, որ ջայլամը սատկում է՝ ասում են, թե քար է կերել: Ֆիզիոլոգիական է, իրենք բոլորը պետք է դա ուտեն»:
Օրերս աշխատանքից ազատված Գարեգին Խլղաթյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց. «Մինչև երեկ աշխատում էի կենդանաբանական այգում՝ որպես թռչունների բաժնի ավագ խնամող: Բազմիցս բարձրաձայնել եմ, որ կենդանիները սոված են, կեր չունեն: Այգու կառավարողներին սա դուր չէր գալիս, և ինձ կանչեցին, ասացին՝ դիմում գրի, ազատվի: Ասացի՝ չեմ գրի: Հանեցին, երկու նկատողություն դրեցին իմ առջև, ասացին՝ դու ազատված ես: Անհիմն: Ամբողջ այգում միայն ինձ մի 10 օր առաջ ուղարկեցին ստուգվելու տուբերկուլյոզ հիվանդության դեմ: Երկուշաբթի ասացին՝ մինչև չապացուցես, որ տուբերկուլյոզով հիվանդ չես՝ այգի չենք թողնի: Ասացի, որ ուղեգիր տան՝ գնամ, ստուգվեմ, պատասխանեցին, որ՝ քո հաշվին պետք է գնաս: Իմ հաշվին ստուգվեցի: Ուրբաթ օրը գալիս եմ գործի՝ տեսնում եմ, որ ջայլամը նստած է արդեն, հիվանդ է: Կիրակի գնացի, ջայլամը սատկել էր, ու ինձ ասում են՝ դու մեղավոր ես, որ ջայլամը սատկել է, դու ես թույլ տվել, որ քար կուլ տա: Դեկտեմբեր, հունվար ամիսներին կենդանիները, անգղերը միս չեն կերել: Չգիտեմ՝ կերն ուր է գնացել, բայց իմ բաժինը կեր չի ստացել, իմ կենդանիները սոված են մնացել: Միշտ բարձրաձայնել եմ, որ կեր չկա, պատասխանել են, թե՝ չունենք, կլինի՝ կտանք: Իմ թռչունները 15 օր աղացած գարի են կերել ու այն ժամանակ, երբ տուբերկուլյոզ հիվանդությունը հայտնաբերվել է իմ բաժնում: Դրանից հետո սկսել են սատկել թռչունները, ու մեղքն ուզում են գցել ինձ վրա: Ես ժողովների ժամանակ բարձրաձայնել եմ, որ հիվանդությունը կա, կեր բերեք, որ կենդանիների իմունիտետը չընկնի: Դեկտեմբերից սկսած միս չեն կերել՝ մինչև հունվարի կես, դրանից հետո միայն աղացած գարի են կերել»:
Մեր հարցին՝ «կեր չկա» պատասխանն ինչո՞վ էր պայմանավորված, այգին գումար չունե՞ր, նախկին աշխատակիցը արձագանքեց.
«Երևի էկոնոմիա էին անում, որ Քաղաքապետարանին ցույց տային՝ լավ են աշխատում: Որովհետև ասում էին՝ մենք պարտքերը փակել ենք: Պարտքերը կենդանիների հաշվի՞ն եք փակել:
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ Քաղաքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում Կենդանաբանական այգու շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված կենդանիների անկման, սննդի մատակարարման և այլ հարցերի հետ: Այժմ աուդիտ է անցկացվում, այն սկսվել է մոտ 10 օր առաջ: