Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ֆրանսիայի Հանրապետության հետ:
Այսպիսով, հարյուրամյակների պատմություն ունեցող և Ֆրանսիայի հայ համայնքի առկայությամբ ամրապնդված հայ-ֆրանսիական առնչություններն ու բարեկամությունը հետագա զարգացման միջպետական շրջանակ ձեռք բերեցին։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է առանձնաշնորհյալ հարաբերություններ հաստատել՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության և կանոնավոր բարձրաստիճան շփումների, խորհրդարանական ակտիվ փոխգործակցության և ապակենտրոնացված գործընկերության վրա, ինչպես նաև բազմաոլորտ համագործակցություն զարգացնել տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ բնագավառներում։
Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։
Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամի համար բացառիկ նշանակություն ուներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թվականի աշնանը Երևանում անցկացնելը, որի շրջանակում առանձնահատուկ պատիվ էր նաև Ձեզ հյուրընկալել մեր երկրում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որը կրթության բնագավառում մեր երկկողմ հարաբերությունների նշանակալի ձեռքբերումներից է և առանցքային դերակատարություն ունի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում, իր արժեքավոր ներդրումն է բերում նաև մեր երկրում Ֆրանկոֆոնիայի տարածմանը։
Բարձր ենք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակելու գործում Ֆրանսիայի արժեքավոր հանձնառությունը, որն արտացոլված է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզում և սահմանում է առաջիկա հինգ տարիներին ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում մեր երկկողմ համագործակցությունը միանգամայն նոր որակի և մակարդակի բարձրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Ի դեպ, Ֆրանսիայի հետ համակողմանի համագործակցության խորացմանը տրվող կարևորությունն առաջին անգամ հատուկ ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում։
Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների պատմության մեջ առանձնակի նշանակություն ունեն Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը և Ապրիլի 24-ը Ձեր նախագահական հրամանագրով Ֆրանսիայում Հիշատակի ազգային օր ոգեկոչելը: Այս քայլով Ֆրանսիան հերթական անգամ ի ցույց դրեց իր համերաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև խորին նվիրվածությունը համամարդկային արժեքների հանդեպ:
Ֆրանսիան մշտապես ուշադիր և հետամուտ է Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հստակ դիրքորոշումները և համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև Ձեր վճռական ջանքերն ու հանձնառությունը պատերազմի սանձազերծած աշխարհաքաղաքական և հումանիտար խնդիրներին դիմագրավելու, ներառյալ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում:
Հայաստանը մեծապես կարևորում է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ։
Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնք, վստահ եմ, մեր համատեղ ուժերով, շարունակելու են խորանալ և ընդլայնվել` լուսավոր նոր էջեր բացելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմության մեջ՝ ի հարատևումն հայ-ֆրանսիական եղբայրական բարեկամության:
Ձեզ առաջիկայում հանդիպելու և մեր պարբերական քննարկումները շարունակելու ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»: