Հայերն անձնական նախաձեռնությամբ և կամավոր սկզբունքով տարհանել են միայն երեխաներին, ծերերին ու կանանց. Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվ

«Ես Դոնեցկում եմ, 2016 թվականից այստեղ եմ և այստեղ էլ մնալու եմ: Վիճակը մինչև լուսաբաց համեմատաբար հանգիստ էր, լուսադեմին բավական ուժգին հրետակոծություն է սկսվել, և ես անմիջապես կապի մեջ եմ հայ համայնքի հետ»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվ տեր Նարեկ քահանա Ամիրյանը:

Հոգևորականը վստահեցրեց՝ տեղի հայ համայնքում խուճապային տրամադրություններ չկան, սակայն մտահոգություններ ունի Ուկրաինայում ապրող հայերի վերաբերյալ:

«Այս պահի դրությամբ մենք չունենք,  և տա Աստված՝ չունենանք, զոհեր և վիրավորներ»,- նշեց տեր Նարեկ քահանա Ամիրյանը՝ հավելելով, որ հայերը անձնական նախաձեռնությամբ և կամավոր սկզբունքով Դոնեցկից ու Լուգանսկից տարհանել են միայն երեխաներին, ծերերին ու կանանց:

Մեր զրուցակիցը Դոնեցկում ու Լուգանսկում ապրող հայերի ստույգ թիվը չփոխանցեց՝ նկատելով. «Նախկինում, երբ մարզերի կարգավիճակով էր, մեծ թվով հայեր կային. օրինակ, Դոնեցկի մարզում 100 հազարից ավել հայ է եղել, այժմ կիսված է մարզը, մեծ մասը մյուս կողմում են,  մի մասը Ռուսաստանի դաշնություն է տեղափոխվել: Ընդհանուր 7-10 հազար ենք դեռ հաշվում»:

«Իմ մտահոգությունն այս պահին հայերի կենսական անվտանգությունն է երկու կողմում էլ, ամբողջ աշխարհում էլ»,-եզրափակեց հոգևորականը՝ հիշեցնելով Սրբոց Վարդանանց տոնի մասին և Սուբ Վարդանի բարեխոսությունը մաղթելով աշխարհին ու հայությանը:

Հիշեցնենք՝ Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50 րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս