Ուկրաինան օգնություն է խնդրել ռազմավարական դաշնակից Թուրքիայից
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում: Այս մասին դեսպանությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է գրառման մեջ:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին: