COVID-19. Հայաստանը ԵՄ չափանիշներով դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում

Եվրամիության չափանիշներով՝ անկախ COVID-19-ի դեպքերի նվազումից, Հայաստանը դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում, քանի որ երկրում կա հիվանդացության բարձր ցուցանիշ և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց, որ վիճակագրական տվյալներով ունեն դեպքերի մի փոքր նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է. «Այսօր մենք չենք կարող գնահատել ներկա իրավիճակը, որովհետև տեսնում ենք, որ գրեթե թեստավորում չի իրականացվում, եթե ընտանիքում ունենում ենք մեկ հաստատված դեպք, ապա ընտանիքի մնացած անդամները, ունենալով համապատասխան ախտանշաններ, չեն դիմում թեստավորում, ինչի պատճառով մենք չենք կարող գնահատել իրական իրավիճակը մեր ունեցած վիճակագրական տվյալներով»,- ասաց նա:

Ռոմելլա Աբովյանը ասաց, որ ամբողջ աշխարհում նույնպես իրավիճակը լարված է՝ պայմանավորված օմիկրոն շտամով: Այն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենթատեսակը: Այն արդեն Հայաստանում է և ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից:

Մասնագետը հավելեց, որ հիմնականում խնդիրը կայանում է նրանում, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում ախտանշանները սովորաբար շատ նման են լինում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներին՝ քթից արտահոսք, ջերմություն, հազ: Դա է հիմնական պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի չեն դիմում առաջնային պահպանման օղակներ:

Նման ախտանշաններ ունենալու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս դիմել առողջության առաջնային պահպանման օղակներ ժամանակին բուժօգնություն ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս