Գերմանիայի կանցլերը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը։
«Այսօր ես էկոնոմիկայի դաշնային նախարարությանը խնդրել եմ Դաշնային ցանցային գործակալությունից (գերմանական կարգավորիչ) հետ կանչել էներգաանվտանգության ապահովման վերաբերյալ զեկույցը: Դա հնչում է որպես տեխնիկական պահ, բայց դա անհրաժեշտ քայլ է, որպեսզի այժմ չկարողանա կայանալ գազատարի հավաստագրումը: Առանց այդ հավաստագրման «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող գործարկվել»,-ասել է Գերմանիայի կանցլերը:
«Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարն անցնում է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորային կայանից մինչեւ Գերմանիայի մերձբալթյան ափ: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին է հասցրել սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել է աշխատանքը: Առաջին խողովակաշարի գցումն ավարտվել է հունիսի սկզբին, երկրորդը՝ սեպտեմբերին:
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության կողմից գազատարի հավաստագրման գործընթացն ըստ օրենքի կարող է տեւել չորս ամիս: Այն բանից հետո, երբ կստացվի հավաստագրման վերաբերյալ եզրակացությունը, եւ կավարտվի չորսամսյա ժամկետը, փաստաթուղթը կուղարկվի Եվրահանձնաժողով: Եվրահանձնաժողովը երկու ամիս ունի դիտարկման համար: Բացի այդ, նա կարող է եւս երկու ամսով երկարացում խնդրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: