Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» ձևակերպումների համար դատվող փաստաբանների վերաբերյալ նոր վճիռ է հրապարակվել
Դիարբեքիրի 13-րդ քրեական դատարանի վճռով արդարացվել են 2016-ից 2018թթ. ընթացքում Դիարբեքիրի փաստաբանների պալատի կողմից արված հայտարարություններում «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն», ինչպես նաև «Քուրդիստան» ձևակերպումների պատճառով դատվող պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենը, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենը, ինչպես նաև պալատի 9 այլ անդամներ: Այս մասին հայտնում է թուրքական Evrensel-ը:
Փաստաբանները դատվում էին ՔՕ (TCK) 301 հոդվածով (թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական ինստիտուտներին և մարմիններին նսեմացնելը) և 216 հոդվածով (ժողովրդի մեջ ատելության ու թշնամանքի հրահրելը):
Արդարացման համար հիմք է հանդիսացել այն, որ մեղադրյալների հայտարարությունները չեն պարունակել բռնության և սպառնալիքի կոչեր: