5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ. Շենգավիթի մարզադպրոցի սաների հաղթանակն ԱՄՆ-ում
Երևանի Շենգավիթի մարզադպրոցի սաներն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող (MEGA Meet 2022) մրցումներում հաջողություններ են գրանցել: Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
«Մասնակցում էինք առաջին անգամ ԱՄՆ-ում որևէ միջազգային մրցումի: Տպավորությունները շատ լավ են, կարելի է ասել՝ ԱՄՆ-ի ամենամեծ ակումբային մրցումն էր, որին մասնակցում էին գրեթե բոլոր նահանգների մարզիկներն ու մարզուհիները՝ 12 կարգերում: Մեր թիմը ներկայացնում էր 5 պատանի, ամենափոքրը՝ 12, իսկ ամենամեծը՝ 15 տարեկան: Մրցումներին մասնակցում էր ԱՄՆ 27 ակումբ՝ տարբեր նահանգներից: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 800-900 մարզիկ և մարզուհի: Կորոնավիրուսով պայմանավորված՝ նույնիսկ մեզ չէին ուզում ընդունել, բայց երկար պայքարից հետո հրավիրեցին: Անցած տարի եղել են այլ երկրներից, բայց այս տարի միայն մենք էինք»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը:
Նա նշեց, որ մրցումներին մասնակցելը լի է եղել խոչընդոտներով, սակայն կարողացել են հաղթահարել՝ շնորհիվ համառության:
«Հրավերը ստացել էինք ակումբի կողմից, սակայն մի քիչ խնդիրներ եղան, ԱՄՆ դեսպանատունը շատ ուշ տվեց թույլտվությունը: Կարելի է ասել՝ նույն օրը ստացել ու մեկնել ենք, ունեցել ենք մեկ օր, որը խնդիրներ առաջացրեց երեխաների համար՝ ժամային գոտիներին հարմարվելու առումով: Ամեն դեպքում՝ փորձեցինք որքան հնարավոր է՝ արագ հարմարվել, քանի որ մրցումների օրը մոտ էր: Մրցմանը մասնակցում էինք 2 ձևով՝ մեծ բատուտ և փոքր բատուտ: Երեխաները շատ ոգևորված են: Սա նաև խթան կհանդիսանա, որպեսզի այս մարզաձևը զարգանա Հայաստանում: Ինչքան մեր մարզիկները փորձառու են դառնում, այնքան մյուս երեխաները, հետևելով նրանց օրինակին, ավելի արագ են աճում»,- նշեց Դավիթ Ֆահրադյանը:
Շենգավիթի մարզադպրոցի տնօրենը հայտնեց նաև, քանի որ ակումբային մրցումներ էին, պետությունը չի հովանավորել, ու իրենց օգնել են հայ համայնքի ընկերները: