«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Վլադիմիր Պուտինի որոշումը». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուսաստանի նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը:  Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:

Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:

Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,- գրել է Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս