Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակված Եղիսաբեթ Երկրորդը կշարունակի աշխատել

Չնայած հաստատված կորոնավիրուսին՝ 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը կշարունակի աշխատել։ Նա ծրագրում է այս շաբաթ մի շարք առցանց աուդիենցիաներ եւ հեռախոսային հանդիպումներ անցկացնել։ Daily Mail պարբերականի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ` չեղյալ կհայտարարվի միայն մեկ միջոցառում, որը պետք է տեղի ունենար առերես։

Covid-ի ախտորոշման մասին հայտարարվելուց մի քանի ժամ անց թագուհին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի քեռլինգի կանանց եւ տղամարդկանց հավաքականներին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում մեդալների կապակցությամբ։

Բացի այդ, չնայած հիվանդությանը, Եղիսաբեթ Երկրորդը հետեւել է Նյուբերիում կայացած ձիարշավին եւ երկրպագել իր ձիերից մեկի՝ Կինկարդինայի համար: Ձիասպորտի մարզիչ Նիկի Հենդերսոնը հետագայում ասել է․

«Մեզ բոլորիս համար տխուր էր այսօր լսել թագուհու հիվանդության մասին լուրը։ Ես չգիտեմ, թե արդյոք Կինկարդինայի հաղթանակը կդառնա Covid-ի դեմ դեղամիջոցը, բայց հուսով եմ, որ դա մի փոքր քաջալերեց Նորին Մեծությանը»:

Եղիսաբեթ Երկրորդը կորոնավիրուսով հիվանդացել է Վինձորի ամրոցի աշխատակիցների շրջանում հիվանդացության բռնկումից մի քանի օր անց: Ախտորոշումը մտահոգիչ է՝ հաշվի առնելով թագուհու տարիքը եւ Նորին Մեծության վատառողջ լինելու  մասին վերջին լուրերը։

Հոկտեմբերին թագուհին բժիշկների խորհրդով չեղյալ է հայտարարել իր այցը Հյուսիսային Իռլանդիա, իսկ հետո մեկ օրով տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս