«Թուրքի ձեռքին կա մեկ հզոր խաղաքարտ՝ Նիկոլ Փաշինյանը, հենց այդ խաղաքարտը թուրքի ձեռքից խլենք, վերջ, մեր մեջքը շտկվելու է». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ իշխանությունների կողմից «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը դեմ լինելը կանխատեսելի էր:
«Մենք հո մեր սթափ դատելու կարողությունը չե՞նք կորցրել, որ տրվեինք այն միամտությանը, թե իրենք կողմ էին քվեարկելու: Ինչպես իրենք կարող են կողմ քվեարկել, չէ՞, ոչ Իլհամը կջղայնանար, իսկ դա սարսափելի մի բան է իրենց համար: Իրենց խաղաղության դարաշրջանի նախաշեմին պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ Իլհամ Ալիևը ջղայնանա իրենց վրա: Այնպես որ, ամեն ինչ շատ կանխատեսելի էր, այդպես էլ պետք է լիներ: Իշխանության ղեկին հայտնված մի մարգինալ զանգված այստեղ՝ մեր երկրում, իրացնում է բրիտանաթուրքական օրակարգը, ինքնամոռաց նվիրվածությամբ է իրականացնում, ամբողջ հարցն այն է, թե մեր ժողովուրդը որքան է հանդուրժելու այս այլանդակությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հայոց պետականացման թուլացմանը զուգահեռ՝ թշնամին լկտիանում է. «Թշնամին լկտիանում և իր օգնության ձեռքն է մեկնում այստեղի իր խամաճիկին: Արցախն ազատագրած լիդերների կյանքում Ադրբեջանի հայտարարած հետախուզումը կարող է ինչ-որ անհարմարություններ ստեղծել, բայց այս ամենը ժամանակավոր է: Մի փոքր ժամանակ անց, երբ մեր մեջքը կշտկենք և կդիմենք հակընդդեմ քայլերի, կարծում եմ՝ ադրբեջանական կողմը սուսուփուս հետքայլ կանի: Եթե մենք թուլանում ենք, թուրքը լկտիանում է, իսկ թուրքի ձեռքին կա մեկ հզոր խաղաքարտ՝ Նիկոլ Փաշինյանը, հենց այդ խաղաքարտը թուրքի ձեռքից խլենք, վերջ, մեր մեջքը շտկվելու է, իհարկե, դժվարությամբ, ոչ անմիջապես, բայց մեր մեջքը շտկվելու է, և ադրբեջանաթուրքական տանդեմը քանի գնա՝ ավելի ու ավելի ստիպված է լինելու առերեսվել նոր իրողությունների հետ և ավելի զուսպ դառնալ: Գալու է այդ օրը»:
Ադրբեջանցի պատգամավորներ են այցելել Երևան՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին:
Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեցինք՝ ողբերգական պատերազմից շատ չանցած, նման հյուրընկալությունն ինչի՞ մասին է վկայում:
«Որ իրենք եկել են իրենց համար շատ թանկ մարդկանց հյուր: Իրենք Հայաստան չեն եկել, իրենք Նիկոլի հյուրերն են: Գուցե ինձ հակադարձեն, ասեն՝ նման միջոցառումներ միշտ էլ եղել են, մերոնք են գնացել, նրանք են եկել, բայց այստեղից գնացել են պետականություն ներկայացնող մարդիկ: Եթե այնտեղից էլ եկել են, եկել են էլի իրենից սուբյեկտ ներկայացնող, շիտակ ողնաշարով երկիր: Հիմա բոլորովին այլ իրողություններ են: Իրենք հիմա այստեղ են տիրոջ իրավունքով: Եկել են, շուտով ավելի շատ կգան, և ոչ միայն՝ նման միջոցառումների, ամենուր մենք կհանդիպենք Նիկոլ Փաշինյանի ընկերներին. Իրեն այնտեղ իրենց ընկերն են, չէ՞, համարում: Եղբայրները գալիս են իրենց եղբոր մոտ, եղբայրներով հավաքված են: Երկար չի տևելու այս ամենը»,- ի պատասխան՝ ասաց Դավիթ Ջամալյանը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում