Բաժիններ՝

Հիվանդ մուֆլոնին խնամելու և բուժելու փոխարեն՝ շպրտել են, աղբի պես, փղի ազատավանդակի հետևում, որ սատկի. կենդանաբանն ահազանգում է, այգուց հակադարձում են

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ղեկավար, կենդանաբան Մանուկ Մանուկյանը փետրվարի 19-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով.

«Հիվանդ մուֆլոնին խնամելու և բուժելու փոխարեն շպրտել են աղբի պես փղի ազատավանդակի հետևում, որ սատկի: Այս կիսամեռ վիճակում գտնվող մուֆլոնի նկարը նոր եմ ստացել Երևանի կենդանաբանական այգուց։ Մեր երկրի Կարմիր գրքում ներգրավված, հազվադեպ կենդանատեսակներից է․ հայկական մուֆլոն։

Սրանցից բնության մեջ քարը տրաքի մի 200-250 գլուխ հազիվ գտնես։ Իմ աշխատած տարիներին մենք մուֆլոններին աչքի լույսի պես էինք պահում։ Մեր այգու հնամենի աշխատակիցներից Գևորգը (փղի Գևը) հենց այս մուֆլոնին ծծկեր վախտերից խնամում ու փայփայում էր։ Բա հիմա մենք ո՞նց անտարբեր հեռվից նայենք, թե մեր երեխու պես պահած կենդանիներին ոնց են սենց սպանում ամեն օր։

Ախր, ես չգիտեմ, էս ի՞նչ դաժան ու կեղծ է ամեն բան։ Սրանք (այգու ղեկավարությունը) նպատակասլաց ամեն բան ստելով, խաբելով, սատկացնելով ո՞ւր ա գնում, սրանց ուզածը ո՞րն ա, լավ։ Ախր, հիմա, որ մի շուն լիներ, մարդամեկերը իրանց կճղեին մեջտեղից, ոստիկանություն կկանչեին ու քրեական գործ կհարուցեին էն նոր հոդվածով, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 3 տարի սռոկ ա հասնում։ Բա ո՞ւր եք կենդանապաշտպաններ։ Ո՞ւր է արդարությունը լավ։ Էդ ի՞նչ եք տալիս, կամ չեք տալիս, որ ամեն օր մի աչքիս լույսը մարում է»,- գրել է Մանուկ Մանուկյանը:

Երևանի կենդանաբանական այգուց 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, այգու  լրատվական բաժնից պատասխանեցին. «Ամեն օգտատիրոջ գրածին չենք կարող պաշտոնապես արձագանքել, հատկապես՝ մարդկանց մտքի թռիչքներին: Եթե ապացույց ունի տվյալ մարդը՝ թող ներկայացնի, հատկապես լուսանկարի նոր լինելու առումով»:

Ճշտող հարցին՝ հիվանդ մուֆլոն կա՞, թե՞ ոչ, դրական արձագանքեցին՝ նշելով. «Եթե այգում ունենք հիվանդ կենդանի, ապա անպայման անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում կամ միջամտություն է լինում, ու նորմալ է, որ այգին ամեն անգամ պաշտոնապես չի տեղեկացնում դրա մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս