ԴԺՀ-ում ավելի քան 21.000 մարդ առանց ջրի է մնացել գնդակոծությունների պատճառով
ԴԺՀ-ում գնդակոծությունների պատճառով առանց ջրի է մնացել ավելի քան 21 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Ինտենսիվ հրետանային գնդակոծությունների կապակցությամբ… Դակուչաեւսկի եւ Ելենովկայի ավելի քան 21 հազար բնակիչներ եւ ավելի քան 50 սոցիալական օբյեկտներ մնացել են առանց ջրի: Դրանք կաթսայատներն են, հիվանդանոցները, մանկապարտեզներն ու դպրոցները»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը փետրվարի 21-ին տարածվել է ԴԺՀ-ի ԱԻՆ-ի մամուլի ծառայության կողմից:
Հաղորդվում է, որ փրկարարները ջրի մատակարարում են կազմակերպել ավտոցիստեռններով: ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը Դոնբասում գնդակոծությունների ինտենսիվության կտրուկ աճ է գրանցում վերջին օրվա ընթացքում:
Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի իշխանությունները կանանց ու երեխաների տարհանում են հայտարարել Ռուսաստան: Նաեւ հանրապետություններում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: