Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Կառավարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս