«Ես չեմ կարող պատկերացնել, որ ՀՀ 71 քաղաքացի կարող է նման կերպ միատեսակ կարծիք ունենալ ՀՀ շահերի դեմ գնացող վարքագծի վերաբերյալ». Արամ Վարդևանյան
«Շատ անկեղծ կլինեմ. Ես որոշակի հույս ունեի, որ այսպիսի հարցի վերաբերյալ ներքաղաքական օրակարգ չի լինելու, քանի որ ինքնին տեքստը այնպիսին էր, որ այն ուղղված էր բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմին: Այսինքն՝ այս հայտարարությունից կարող էին նեղսրտել միայն այդ երկու պետությունները՝ իրենց ժողովուրդներով հանդերձ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ընդդիմադիր նշյալ խմբակցության առաջարկած թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագրի» դեմ հայտարարությանը չմիանալուն:
Նրա խոսքով՝ այնտեղ գնահատական չկար իշխանությունների վարքագծին, որ իրենք են հանգեցրել նրան, որ նման հռչակագիր է ընդունվել, և առհասարակ չկար որևէ նման քննադատություն:
«Բայց այնպես ստացվեց, որ փաստորեն նույնիսկ այսպիսի փաստաթղթին այս իշխանությունները դեմ են»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Դիտարկմանը, թե կառավարող խմբակցությունն ասում է, որ ժամանակին Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարությամբ հանդես է եկել այդ հռչակագրի առնչությամբ, պատգամավորը նկատեց, որ ԱԳՆ-ն այդ հայտարարությունը տարածել է այն ժամանակ, երբ պարզապես Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին հռչակագիրը, և վավերացում չկար:
«Ի վերջո, վավերացումը նաև իրավական ընթացակարգ է, որի պայմաններում, ստացվում է, այդ երկու պետությունները հաստատում են իրենց պարտականությունների վերջնական լինելն այդ հռչակագրի շրջանակներում: ԱԳՆ-ի հայտարարությունը այն ժամանակահատվածում էր, երբ նախարարն ու փոխնախարարները հրաժարական էին տվել, բայց այնուամենայնիվ, որոշակի հայրենասիրական պատկերացումներից ելնելով՝ արձագանքել էին: Բայց նորից հիշեցման կարգով նշեմ՝ այս իշխանություններն ինչ քննադատություն ասես հնչեցնում են ԱԳՆ-ի այդ կազմի վերաբերյալ՝ սկսած տհաճ բառապաշարից՝ մինչև նրանց հետ խորը անհամաձայնություն: Հիմա այս ձևակերպումը դիսոնանս է առաջացնում: Թող իրենք մի հատ կողմնորոշվեն՝ լա՞վն էր այն ԱԳՆ-ն, թե՞ ոչ, և երկրորդ՝ ի վերջո, ԱԳՆ-ի այդ հայտարարությունը վերաբերում էր այդ հռչակագրի՝ պարզապես ստորագրմանը»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ներկայիս ԱԳՆ-ն այդ վավերացման առնչությամբ որևէ արձագանք չի տվել:
Նա տարակուսած էր ՔՊ-ական պատգամավորի այն տեսակետից, թե ինչ է տեղի ունեցել, ընդամենը վավերացվել է, և նրանց պատկերացումն այն է, որ վավերացումն ինչ-որ տեխնիկական գործառույթ է:
«Շուշիի հռչակագրի ամենավտանգավոր դրույթն այն է, որ Արցախի վերաբերյալ են այնտեղ գնահատականները կատեգորիկ, ընդհուպ՝ Արցախը բացառապես Ադրբեջանի կազմում տեսնելու մասով: Սա ոչ թե հերթական հոխորտանքն է հարցազրույցների ձևով, այլ իրավական փաստաթուղթ, որը նաև վավերացվել է: Այնտեղ նաև մի ձևակերպում կա «Զանգեզուրի միջանցք» այդ տխրահռչակ կոնցեպտի վերաբերյալ: Անգամ պատկերացում կա, որ մինչև 2023թ. այդ հարցը պետք է լուծվի: Հիմա դրա վերաբերյալ որ մենք արձագանք չենք տալիս, ո՞ւմ շահն ենք սպասարկում, ի՞նչ ենք սրանով արձանագրում: Ի վերջո, սա նաև ՀՀ Անկախության հռչակագրի դեմ հռչակագիր է»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ՔՊ-ական պատգամավորները ջերմեռանդությամբ չէին պաշտպանում իրենց դիրքորոշումը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ իր տպավորությամբ՝ նրանք ևս համերաշխ չէին այդ տեսակետի հետ:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ 71 ՀՀ քաղաքացի կարող է նման կերպ միատեսակ կարծիք ունենալ ՀՀ շահերի դեմ գնացող վարքագծի մասով: Այլ հարց է, որ այնտեղ նրանք ունեն աննախադեպ կառավարելիության խիստ դիսցիպլինա, որը դասական իմաստով նման է բռնապետական ռեժիմի, որտեղ բռնապետն ունենում է այդ աստիճան կառավարելի խարհրդարան»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Պատգամավորը հռետորական հարց է հնչեցնում՝ իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևի զառանցանքներին այս իշխանությունը պատասխան չի տալիս:
«Ֆոսֆորային զենքեր կիրառող, մինչ այժմ ռազմագերիներ պահողին արձագանք չես տալիս, դրանց օժանդակած Թուրքիային ոչինչ չես ասում… Ինչո՞ւ չես արձագանքում… Այդ բայրաքթարները կառավարիչներ ունեին, չէ՞…»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ շեշտելով՝ չի կարող Հայաստանը՝ որպես պետություն, չունենալ «կարմիր գծեր»:
Պատգամավորի խոսքով՝ իրենք, անշուշտ, այս հարցը կտեղափոխեն դրսի հարթակ, սակայն ներսի լսարանի համար սա նույնպես կարևոր արձանագրում է:
«Ես վստահորեն եմ պնդում՝ 4 տարվա ընթացքում այնպիսի տեղեկատվական աղետ է եղել ՀՀ-ում՝ այս իշխանությունների կողմից ուղղակիորեն կազմակերպված, որը մինչ օրս շարունակվում է: Մեր հասարակության ստվար զանգվածը, օրինակ, գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որովհետև իրենք դա կարդացել էին մամուլում կամ Ֆեյսբուքում: Ես այդ մասին որոշեցի բարձրաձայնել ԱԺ-ում, և Նիկոլ Փաշինյանը որոշեց արձագանքել՝ ասելով, որ ինքն է ստորագրել փաստաթուղթը ու հպարտ է դրա համար»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում