Թբիլիսիում 28-ամյա բնակիչը ձերբակալվել է մի քանի մարդու սպանության փորձի կասկածանքով
Ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում 28-ամյա մի բնակչի են ձերբակալել երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Ձերբակալվածին մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է 16-ից մինչեւ 20 տարվա բանտային կալանք կամ անժամկետ բանտարկություն: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը կռվի ժամանակ սառը զենքով վիրավորել է երեք մարդու, ենթադրաբար, գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ փախել միջադեպի վայրից, ասվում է հաղորդագրության մեջ:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Ոստիկանությունը հանցագործության մեջ կասկածյալին ձերբակալել է թարմ հետքերով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետեւանքով: Որպես իրեղեն ապացույց նրանից առգրավել են դանակ: Երեք հոգի դանակով հասցված վերքեր են ստացել լույս կիրակի օրը՝ փետրվարի 20-ի գիշերը, Թբիլիսիի մետրոյի «Դիդուբե» կայարանից ոչ հեռու: Ծեծկռտոցին մասնակցել է առնվազն հինգ մարդ: Նրանցից երեքը վիրավորվել են սառը զենքով, հաղորդել է Sputnik-ը: