
Անավարտ «Կասկադ». համալիրի շինարարությունն ավարտելու համար համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ

Համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու «Կասկադ» համալիրի շինարարությունը: Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մեր կողմից առաջարկվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող համալիրի տարածքի արդիականացման նպատակով հիմնադրամի հետ համատեղ մշակել և իրականացնել ներդրումային նոր ծրագիր: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը բաց է լիարժեք օժանդակություն ցուցաբերելու և համապատասխան գործիքակազմ ներդնելու տեսանկյունից»,-ասել է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ եթե հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պատրաստ չէ շարունակելու կատարել իրենց պարտավորությունները, ապա կասկած չկա, որ ներդրողների հերթ կգոյանա:
«Միշտ հաշվի են առնվում կառուցապատողների խնդիրները, բայց նրանք պարտավոր են հաշվի առնել քաղաքի զարգացմանը չխոչընդոտելը: Եթե ինչ-ինչ պատճառներով չեն շարունակում ծրագիրը, ապա պետք է կամ ներգրավեն այլ ներդրողներ կամ հանձնեն համայնքին»,-ասել է նա:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի խոսքով՝ իրենք նախագծեր, մտքեր ունեն ու պատրաստ են համագործակցել, որ խնդիրը լուծում ստանա: Այդտեղ կարելի է կառուցել և հյուրանոց, և դահլիճներ:
Հայկական պատմությունը, ճարտարապետությունն ու մշակութային ժառանգությունը մեկտեղող «Կասկադ» համալիրն ամբողջանալուց հետո կարող է վերածվել տարածաշրջանային մշակութային կենտրոնի: