Սոֆյա Հովսեփյանը շարունակում է պնդել՝ Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Դիզափայտը տալու» հարցը
«Մինչև պատերազմի վերջին օրն անգամ այ էդ շատ գրագետ մանիպուլյացիան տեղի է ունեցել: Որոշ բաներ հիմա եմ լսում, որ Ինքը (Նիկոլ Փաշինյանը) բաց քննարկել է. օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ և ասել է, թե ինչպես է ինքը պատրաստվում Դիզափայտը տալ, բայց որևէ կերպ ձայն չի հանվել այդ մասին։ Եվ մի քանի օր հետո Դիզափայտը հանձնվել է՝ 60 գերիների հետ մեկտեղ, որովհետև մենք չենք կարողանում այնտեղ պահել, և այլն»,- փետրվարի 18-ին հեռարձակված 5-րդ ալիքի «Դեմ Դիմաց» հաղորդման ժամանակ հայտարարել է ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նկատելով, որ այդ դրվագը 2020 թվականի դեկտեմբեր ամսին Անվտանգության խորհրդի նիստից է:
Այս հայտարարություններին այսօր արդեն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ վստահեցնելով, որ նման քննարկում իրենց մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել:
Էդմոն Մարուքյանը «հերթական շառ» է որակել նախկին գործընկերոջ հավաստիացումները. «Սոֆյա Հովսեփյանը 5-րդ ալիքի եթերում հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի 2020թ. դեկտեմբերին տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը (խոսքը, իհարկե, իմ մասին է; ընդ որում՝ նույն նիստերին ներկա է գտնվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը), իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման քննարկում մեր մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել, այսինքն` հայտարարությունը, բնականաբար, սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆյա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտը ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը»:
168.am-ը Սոֆյա Հովսեփյանից հետաքրքրվեց՝ արդյոք շարունակո՞ւմ է պնդել, որ նման քննարկում է եղել, և ինչպե՞ս է գնահատում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի պատասխան-գրառումը, նա արձագանքեց.
«Ես կարծում եմ, որ իր հայտարարության բովանդակությամբ արդեն իսկ հաստատում է այն ենթադրյալ իրավիճակը, որը տարբեր մարդիկ ներկայացրել են, որ տեղի է ունեցել: Անհասկանալի պատճառներով ինձ ֆեյսբուքյան հարթակում արգելափակել են, և ես չեմ կարող անգամ անդրադարձ կատարել պարոն Մարուքյանի այդ հայտարարությանը, բայց արգելափակումը բացելուց հետո ես անձամբ կանդրադառնամ այդ հարցին: Մինչ այդ, կարծում եմ, նաև կանդրադառնան այն մարդիկ, որոնց թիվը քիչ չէ իրականում, ում մոտ այդ մասին խոսվել է, ում մոտ անձամբ պարոն Մարուքյանն այդ մասին խոսել է»:
Ի դեպ, իմքայլական նախկին պատգամավորը հավելեց, որ ինքն այդ մասին տեղեկացել է գրեթե վերջերս ու պետք է այդ մասին գրառմամբ հանդես գար, սակայն հեռուստաեթերում բանավեճի ժամանակ խոսքի տրամաբանությունը հանգեցրել է այդ հայտարարությանը:
Արձագանքելով մեր դիտարկմանը, թե ԼՀԿ նախագահը մատնանշել էր նաև Անվտանգության խորհրդի նիստին մասնակցած ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանին, նա նկատեց, որ Արման Աբովյանին ճանաչելով՝ վստահ է, որ եթե նրա ներկայությամբ եղած լիներ խոսակցությունը, ապա կհակադարձեր:
Ճշգրտող հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ մասին Անվտանգության խորհրդի նիստո՞ւմ է խոսել, թե՞ առանձին զրույց է եղել, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց.
«Գուցե ԱԽ նիստի օրն առանձին զրույցի տեսքով է եղել: Մանրամասների մասին թույլ տվեք չխոսել: Կարծում եմ, այն մարդիկ, որոնց հետ կիսվել են այս կամ այն հանգամանքներում, այս մասին վերջապես կխոսեն: Հույս ունենամ, որ կունենան այդ ազնվությունը, գոնե կյանքում մեկ անգամ այս երկրի հանդեպ ունենան պատասխանատվություն և խոսեն, թե ինչու են ամեն մեկը լռել ու ինչու են այսօր ամեն մեկը ակնկալում, թե չպետք է պարտություն կրեինք: Ի՞նչ են արել չպարտվելու համար»: