ԱՄՆ-ի նախագահը G7-ի ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին կայանալիք վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այդ մասին վկայում է ԱՄՆ-ի նախագահի աշխատանքային ժամանակակարգը:
«Նախագահը կմասնակցի G7-ի ղեկավարների վիրտուալ հանդիպմանը՝ քննարկելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընթացիկ իրադրությունը, ինչպես նաեւ G7-ում Գերմանիայի նախագահության տարվա առաջնահերթությունները»,-ասվում է Բայդենի՝ հինգշաբթի օրվա, փետրվարի 24-ի աշխատանքային ժամանակակարգում:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել էր, որ Բայդենը համաձայն է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա բանակցությունների արդյունքներով:
«Պետքարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Լավրովը կհանդիպեն այս շաբաթ ավելի ուշ Եվրոպայում (…) Նախագահ Բայդենը նախագահ Պուտինի հետ հանդիպմանը սկզբունքորեն համաձայնել է այս հանդիպումից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ գագաթնաժողովի օրակարգը պետք է նախապատրաստվի ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից փետրվարի 24-ին կայանալիք նրանց հանդիպման ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: