Ֆրանսիան Ուկրաինայի ճգնաժամի շուրջ գագաթնաժողովներ կնախապատրաստի բոլոր կողմերի հետ
Ֆրանսիան մյուս շահագրգիռ կողմերի հետ կմասնակցի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորմանը նվիրված գագաթնաժողովների նախապատրաստմանը: Փետրվարի 21-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հայտնելով մի շարք հեռախոսազրույցների մասին, որոնք անցյալ օրը նախագահ Էմանուել Մակրոնը վարել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հետ։
«Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,- ասված է հաղորդագրության մեջ: – Նա առաջարկել է Եվրոպայի անվտանգության եւ ռազմավարական կայունության հարցերի շուրջ գագաթնաժողով անցկացնել նախ նախագահներ Բայդենի եւ Պուտինի միջեւ, իսկ այնուհետեւ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մակրոնը մտադիր է «մասնակցել այդ քննակումների նախապատրաստմանը», նշել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում:
Ինչպես տեղեկացրել են Ելիսեյան պալատում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները «յուրաքանչյուն իր կողմից համաձայնություն են հայտնել նման գագաթնաժողովի անցկացման սկզբունքներին»:
Դրա օրակարգը «կնախապատրաստեն ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին կայանալիք՝ իրենց հանդիպման ժամանակ»: Մակրոնն անցած օրը նաեւ զրուցել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: