«ՔՊ-ն որոշել է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղում». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին՝ «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ»։

Նախագիծը քննարկվում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նախագծի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորների ելույթները լսելուց հետո մի դիտարկում արեց, թե իշխանության պատգամավորներից լսելուց հետո ի՞նչ իմաստ ունի ելույթ ունենալ։

«Որոշումը կայացված է, ովքեր երեկ չեն հասցրել, հիմա SMS-ով կստանան, թե ինչպես պետք է քվեարկեն, այնպես որ, ելույթ ունենալու եմ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչ է տեղի ունենում։ Պարոն Արսենյան, դուք հղում եք անում 2013 թվականին ստորագրած փաստաթղթին և կապ գտաք 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածության միջև։ Վստահ եմ, հիշում եք, 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, դատապարտել էր ուժի կիրառումը։ Հիշեցնեմ նաև, դիվանագիտության ռահվիրա Լիլիթ Մակունցը պատերազմից մի քանի ամիս առաջ վստահ էր, որ Թուրքիան բացարձակ ներգրավված չի լինելու ռազմական գործողություններին։ Այնպես որ, այդ տրամաբանական կապը ես բացարձակ չեմ տեսնում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս պահին տեղի է ունենում մեկ շատ պարզ բան՝ ՔՊ-ն բառացիորեն ասում է հետևյալը՝ հանկարծ չներվայնացնենք թուրք-ադրբեջանական տանդեմին։

«Մեկ անգամ պատասխանել ենք ԱԳՆ-ով, դրան հազիվ չեն պատասխանել, էլ մի հատ էլ այս հարցը մի բարձրացրեք։ Ասում եք՝ ընդամենը վավերացում, ինչ է նշանակում՝ ընդամենը վավերացում, մենք պառլամենտական երկիր ենք։ Եթե ՔՊ-ն որոշել է, որ ՀՀ ԱԺ-ն պիտի մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ՝ կներեք, մենք այդպես չենք համարում։ Միջազգային հարաբերություններում հնարավոր չէ ջայլամային քաղաքականություն վարել և չնկատել տեղի ունեցող գործընթացները։ Թուրքիայի օրենսդիրում Թուրքիայի նախագահը պաշտոնական հայտարարում է, որ թուրքական հատուկ ծառայություններն ուղղակիորեն ներգրավված են 44-օրյա պատերազմին։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, հայտարարում ենք, որ՝ ինչ լավ է, որ Թուրքիան հայտարարում է, որ մեր հետ հարաբերությունների կարգավորման գնալու է առանց նախապայմանների։ Դրա առանց նախապայմաններինը ո՞րն  է»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս