Երևան են ժամանել ադրբեջանցի 2 պատգամավոր, նրանցից մեկը կառավարող թիմից է. ՔՊ-ական պատգամավոր
Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Անցյալ շաբաթ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Ադրբեջանի պատվիրակության անդամներն արդեն ժամանել են Երևան։
«Երևան են ժամանել 2 ադրբեջանցի պատգամավոր և մեկ ուղեկցող անձնակազմ։ Որքան հիշում եմ՝ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը՝ «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի պատգամավորն է։ Ես դեռ իրենց չեմ տեսել, երկրները նման պատվիրակություններ ընդունում են, հիմա ռոտացիոն կարգով մեր հերթն է՝ պատվիրակությունների ընդունել, ուստի պատշաճ ու բարձր մակարդակով պետք է հյուրընկալենք Հայաստան ժամանած բոլոր հյուրերին»,- շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է այդ պատգամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպում, Մարիա Կարապետյանը պատասխանեց, որ կոչ է անում բոլորին զուսպ ձևակերպումներ ունենալ։
«Առաջարկում եմ 240 վոլտանոց էլեկտրաէներգիայի հոսանքը չմիացնել ՀՀ քաղաքացիների նյարդերին, և այդ միտքը չպետք է հղանա։ Ինստիտուցիոնալ ֆորմալ առումներով դա իմ պարտավորությունն է, ես չեմ պատրաստվում թաքնվել 18 տարեկան զինվորի հետևում, թաքնվեմ և առաջարկեմ, որպեսզի ինքը խնդիրը լուծի, խնդիրը ես պետք է լուծեմ՝ որպես ՀՀ ընտրված պատգամավոր, կառավարող ուժի ներկայացուցիչ»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։