Ուկրաինայի համաձայնությամբ հնարավոր կլինի ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել. Զաս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համոզված է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ:
Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով և Կիևի համաձայնությամբ։ Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Տեսականորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը, քանի որ դա նրա տարածքն է, ՄԱԿ–ի ԱԽ մանդատը, ինչպես նաև պետք է, որ մեր բոլոր կառավարությունները աջակցեն այդ որոշմանը»,– ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է` ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն այժմ իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ։
«Ես չեմ հավատում, որ իրավիճակն այժմ կարող է վերադառնալ այն կետին, երբ տանկերը մնում էին իրենց բազաներում, իսկ զինվորները գտնվում էին զորանոցներում։ Այժմ պետք է գիտակցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և համաձայնության գալու անհրաժեշտությունը։ Սա է նոր իրականությունը»,- ասել է Զասը։
Այս շաբաթ կտրուկ սրվել է Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակը։ Կիևն անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի սահմանին և պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ: