«Նա պատերազմից հետո փախել, մտել էր ծակերը, իսկ հիմա փողով փակում է լիքը մարդկանց բերան». Արմեն Գրիգորյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պահանջով թույլ չեն տվել մտավորականների խմբի հետ մեկնել Արցախ: 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ Արայիկ Հարությունյանին համարում է մարդ, որն աջակցել է իր պետության դավաճանությանը և հանձնմանը:

«Ինքը՝ լինելով տեղում, բոլորիցս լավ գիտեր՝ ինչ է կատարվում, բայց «հաղթելու ենք» էր ասում: Նա ասում էր՝ Շուշին հանձնենք, ես ինձ կխփեմ. Մինչև հիմա սպասում եմ, թե երբ է խփելու: Նա պատերազմից հետո փախել, մտել էր ծակերը, իսկ հիմա փողով փակում է լիքը մարդկանց բերան, էլ չեմ ասում, որ ինչ-որ հրոսակախմբեր է պահում, որ գալիս են Բորիս Մուրազիին տեսնելու: Որ Արայիկ Հարությունյանը չուզեց, որ ես գնամ Արցախ, նորմալ է, Արցախ հանձնողը ինչո՞ւ պետք է ուզենա, որ ես գնամ Արցախ:

Ես, իմիջիայլոց, մեքենա նստելու պահին նոր իմացել եմ, որ այդ ամբողջը ֆինանսավորում է Արայիկ Հարությունյանը: Ես միշտ իմ հաշվին եմ Արցախ գնացել: Ինձ համար ավելի զարհուրելի է, որ իբր այդ ամբողջը կազմակերպած Արամ  Սարգսյանը (Արամ Գասպարի Սարգսյանը,- Ռ.Մ.) սկզբից փորձում էր ձևացնել, թե տեղ չկա մեքենայում, ինքն իրենից ամաչում էր, հետո նա ինձ մի կողմ քաշեց ու ասաց, թե իբր «168 Ժամ»-ում արցախցիներին վիրավորել եմ: Նման բան հնարավոր չէ: Ասում եմ՝ ցույց տուր, իմ ֆոտոն է ցույց տալիս, նյութ չկա: Ասում է՝ ինքը չի կարդացել: Մի քիչ էլ որ խոսեցինք, հասկացա՝ ինչ է կատարվում. Արայիկ Հարությունյանը փողը տվել է, որ իրենք գնան էնտեղ, ու փողը տալուց պահանջել է, որ ես չգնամ»,- ասաց նա:

Արմեն Գրիգորյանի համար զարմանալի է իրենց ընդդիմադիր համարող մարդկանց վարքագիծը, որոնք Արայիկ Հարությունյանի ֆինանսավորմամբ մեկնել են Արցախ:

Անդրադառնալով հասարակության բևեռացմանը, նա հետևյալն ասաց. «Այն մարդը, որը համարում է, որ ղարաբաղցիները հայ չեն՝ թուրք են, Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, Շուշին միշտ էլ եղել է ադրբեջանական, երեխուն սպանել են՝ 20 հազար դոլար տվել են, ասում է՝ կարևորը՝ Նիկոլին գտա, ու ասում է, որ պետք է թուրքերի հետ լավ ապրել: Հիմա սա հա՞յ է: Անիմաստ է նրա հետ որևէ աշխատանք տանել»:

Նրա խոսքով՝ Հայաստանի ողբերգությունն այն է, որ ազգի մեծամասնությունը հայ չէ. «Ես իմ թեորիան ունեմ, թե ինչու են իրենք թուրք. Այն մարդիկ, որոնք հունիսի 20-ին քվեարկեցին Նիկոլի համար՝ հաստատելով, որ լավ է արել, որ Արցախը տվել է, 7-11 հազար հոգի մեռել է, ոչինչ, թուրքերի հետ լավանանք, թուրքից փող կստանանք, լավ կապրենք»:

Դիտարկմանը՝ շատ է ծայրահեղացնում, այդ մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, նա արձագանքեց. «Թարգեք ձեր պատրանքները, թե կարող եք այդ մարդկանց հետ աշխատանք տանել»:

Նկատեցինք՝ եթե այդ մարդիկ ասում են, որ Շուշին ադրբեջանական է, նշանակում է՝ պատմություն չգիտեն, կրթություն չեն ստացել:

«Ո՛չ, նրանք եթիմ են: Այդ 400-500 հազարը եթիմ են, նրանց հետ աշխատանք տանելն անիմաստ է: Աշխատանք պետք է տանել միլիոնից ավելի մարդկանց հետ, որոնք չմասնակցեցին ընտրություններին»,- ի պատասխան՝ ասաց Արմեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս