Բա դուք ինչո՞վ եք զբաղված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքը դարձրել են «խաղաղության դարաշրջանի» բացումը։ Բայց հետպատերազմյան ժամանակահատվածը ցույց տվեց, որ «խաղաղության դարաշրջան» բացելու կարգախոսներն ավելի շատ պատրանք են հիշեցնում, թեկուզ դեռևս մարդիկ կան, ովքեր միամտորեն հավատում են «հավասար» խաղաղության հաստատման հնարավորությանը ու հույսեր են կապում դրա հետ։

Ցավոք, առկա իրադրությունը փաստում է հակառակը: Խաղաղությունն, անխոս, ցանկալի է, դա անվիճելի փաստ է, սակայն Հայաստանի ու Արցախի գլխավերևում շարունակում է կախված մնալ նոր պատերազմի վտանգը, և ցանկացած պահի իրավիճակը կրկին կարող է ընթանալ էսկալացիայի ճանապարհով։ Եվ լարվածությունը սրելու նպատակի շրջանակներում հակառակորդն անընդհատ սադրանքների է դիմում։ Ու ադրբեջանցի զինվորականներն անգամ չեն վարանում կրակ բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների ուղղությամբ։ Այդպիսով՝ հակառակորդն իրավիճակը տաք է պահում, որպեսզի ցանկացած պահի նոր լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնի։

Ու դրան է միտված նաև «Շուշիի հռչակագիր» անունը ստացած փաստաթղթի վավերացումը Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից, ապա նախագահների հաստատումը։ Հարկ է հիշեցնել, որ նախորդ տարի` 2021 թվականի հունիսի 5-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր նախ՝ Վարանդա (Ֆիզուլի), ապա՝ Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկու երկրների համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը, որում նշվում էր, թե Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։

Փաստաթուղթն իրականում համագործակցության ավելի խոր և հետագա ինտեգրացիոն գործընթացի մեկնարկի հիմքեր է ստեղծում։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ փորձագետներ համեմատականներ են տանում, որ այդ փաստաթղթի շուրջ ձևավորվող իրավապայմանագրային դաշտի շրջանակներում Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են շարժվում միութենական պետություն ստեղծելու ուղղությամբ՝ նկատի ունենալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մոդելի առկայության փորձը։

Միաժամանակ, «Շուշիի հռչակագրով» հիմքեր են ստեղծվում, որ եթե նորից պատերազմ սկսվի, ապա իրավական առումով Թուրքիան «լեգիտիմ» իրավունք է ստանում կռվել Ադրբեջանի կողմից։ Այս փաստաթղթի վավերացումը ՀՀ վարչապետի մակարդակով որևէ մեկնաբանության չի արժանացել, սակայն պարզ է, որ այն իր սուր ծայրով ուղղված է Հայաստանի ու Արցախի, ինչու չէ՝ նաև Ռուսաստանի դեմ։ Ու պատահական չէ, որ Թուրքիան մեծ թափով շարունակում է Ադրբեջանի վրա վերահսկողություն հաստատելու գործընթացը, որի արդյունքում էլ ադրբեջանցի պաշտոնյաները քայլեր ձեռնարկելուց առաջ սկսել են ավելի հաճախ Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ քննարկումներ ունենալ։

Մյուս կողմից՝ թուրքական ընկերությունները մեծ արագությամբ մուտք են գործում Արցախից օկուպացված տարածքներ՝ փորձելով տարբեր նախաձեռնություններով հանդես գալ։

Եվ եթե խաղաղության ժամանակաշրջան է բացվելու, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը ձեռնամուխ լինում Արցախից օկուպացված տարածքներում նոր զորամասերի բացման ու Կոմանդո կոչվող հատուկ զորամիավորումների ձևավորմանը, որի մաս կազմող զինվորականներին թուրքերն ակտիվորեն մարզում են, իսկ թուրք-ադրբեջանական զորավարժությունների պարբերականությունը և ինտենսիվությունը շարունակվում են։

Միաժամանակ, Թուրքիան աշխատում է Ադրբեջանին զինելու և ադրբեջանական բանակում թուրքական մոդելը ներդնելու ուղղությամբ։ Պարզ է, որ այսպիսի նախաձեռնություններով թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ գործողությունների է պատրաստվում։ Նախ՝ նրանց առաջնային նպատակը Արցախ ներխուժելն է։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ Ադրբեջանում ինտենսիվորեն նախապատրաստական աշխատանքներ են սկսել, որ Արցախից օկուպացված տարածքներից իսպառ վերացնեն հայկական հետքը, մշակութային արժեքները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալեն, մեղադրանք առաջադրեն ու պատժեն, ապա երեք տարի հետո ամբողջովին սողոսկեն խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ հաշվի առնելով նրանց մանդատի՝ 5 տարի նախատեսվող ժամկետը։

Բացառված չեն նաև նոր ռազմական սադրանքները Սյունիքի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմն ի՞նչ է անում նման զարգացումների սցենարին պատրաստ լինելու համար։ Բացի մի քանի ուղղաթիռից, այս ընթացքում որևէ նշանակալի սպառազինություն ձեռք չենք բերել, նոր զորամաս չենք բացել։ Անվտանգության համակարգը կարգի բերելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն նշմարվում։

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները վատնում են թանկարժեք ժամանակը։ Կարճ ասած՝ Փաշինյանն ու իր թիմը պատերազմից դասեր չեն քաղել ու երկիրը նորից տանում են կապիտուլ յացիայի տրորված արահետով։ Թեպետ… Գուցե այդպես է «պե՞տք»»:

Տեսանյութեր

Լրահոս