Դպրոցները կունենան համակարգողներ
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին։ Իշխանությունն ունի մեծամասնություն խորհրդարանում, ընդդիմությունն էլ առանձնապես հետաքրքրված չէ կրթության թեմաներով։ Արդյունքում՝ օրենքը հեշտությամբ ընդունվեց։
Օրենքի փոփոխություններում ռիսկային երկու նորամուծություն կա։ Առաջինը վերաբերում է դպրոցի կառավարմանը, երկրորդը՝ կամավոր ատեստավորումը հաղթահարած և մյուս ուսուցիչների միջև աշխատավարձերի էական տարբերություն սահմանելու մոտեցմանը։ Այս երկու հարցերը բավարար չափով հետազոտված և փորձարկված չեն։ Հետևաբար՝ կա ռիսկ, որ այս փոփոխությունները կարող են դառնալ նույնպիսի գլխացավանք, ինչպիսին դարձան առանձնացված ավագ դպրոցների ռեֆորմը և 12-ամյա պարտադիր կրթությունը։ Այն ժամանակ էլ առանց փորձարկումների, առանց ֆինանսական հաշվարկների, մշակութային առանձնահատկությունները հաշվի չառնելով՝ որոշումներ ընդունվեցին։ Եվ հիմա մենք չունենք այդ ռեֆորմներից հետ կանգնելու հնարավորություն, քանի որ դա շատ թանկ կնստի մեր վրա։
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ դպրոցի կառավարման հետ կապված փոփոխությունները կյանքի կոչվեն։
Մենք կունենանք դպրոցների երկու խումբ։ Խոշոր դպրոցները կունենան առանձին վարչատնտեսական համակարգող, իսկ փոքր և միջին դպրոցներում կլինեն համատեղող համակարգողներ։ Դպրոցի կառավարման նման կառուցվածքի իմաստը այդպես էլ համոզիչ չդարձավ։ Նախարարության փաստարկն այն է, որ տնօրենները ծանրաբեռնված են, զբաղվում են շինարարական հարցերով, ինչի արդյունքում տուժում է կրթության բովանդակությունը։ Իրականում, երբ ղեկավարը ծանրաբեռնված է, ավելացվում է նրա տեղակալների թիվը։ Նախարարությունը չհամոզեց, թե ինչու տնօրենի տեղակալների թվի ավելացման փոխարեն՝ ընտրվեց ավելի բարձր լիազորություններ ունեցող համակարգողի տարբերակը։ Գուցե դպրոցում երկիշխանություն և այդպիսով միմյանց վերահսկելու մեխանի՞զմ է ներդրվում։ Գուցե այս տարբերակով կանխվում է դպրոցներում «մեռած հոգիներ» ունենալու պրակտիկա՞ն։ Բայց այդ մասին բարձրաձայն ոչինչ չասվեց։
Եկեք պատկերացնենք, թե ինչ կարող է լինել 2023թ.-ին, երբ դպրոց մտնեն վարչատնտեսական համակարգողները։ Խոշոր դպրոցների պարագայում իմ մտահոգությունն այն է, որ այդ մարդիկ չեն ունենալու աշխատանքային բավարար ծանրաբեռնվածություն։ Այն լիազորությունները, որոնք օրենքով տրված են համակարգողին, ամենօրյա չեն։ Օրինակ՝ դպրոցն ամեն օր հաստիքացուցակ չի հաստատում, ուսումնաօժանդակ աշխատողների չի ընդունում կամ ազատում, ամեն օր ֆինանսական գործարքներ, գնումներ չի կատարում, ամեն օր մարզպետարան չի գնում։ Ավելին, դպրոցում վերանորոգման աշխատանքները պարբերական բնույթ չեն կրում։ Հետևաբար՝ ինչո՞վ է զբաղվելու օրական 8 ժամ աշխատող համակարգողը։ Հավանաբար, 1 ժամ շրջայց է կատարելու դպրոցի շենքում, 1 ժամ ծախսելու է տնտեսվարին, հավաքարարներին, պահակներին, հաշվապահին հանձնարարություններ տալու վրա։ 1 ժամ էլ կարող է ծախսել ինչ-որ փաստաթղթերի ծանոթանալու վրա։ Ի՞նչ է անելու համակարգողն օրվա մնացած 5 ժամերի ընթացքում։ Սա հարց է։ Իհարկե, շենքային վատթար պայմաններում գտնվող դպրոցներում, հնարավոր է՝ համակարգողը շատ աշխատանք ունենա։ Բայց քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող դպրոցներում համակարգողը լիարժեք ծանրաբեռնված չի լինելու։ Այդուհանդերձ, քանի որ համակարգողը դպրոցի գործադիր մարմնի մաս է, նրա աշխատավարձը պետք է համարժեք լինի տնօրենի աշխատավարձին։
Հասկանալով համակարգողների թերզբաղվածության խնդիրը, օրենքում նշվում է, որ համակարգողը կարող է աշխատել մի քանի դպրոցներում։ Այսինքն՝ 3-4 փոքր դպրոցներ կամ 2 միջին դպրոցներ կարող են ունենալ 1 համակարգող։ Այս դեպքում էլ խնդիր կարող է լինել այն, որ համակարգողը պետք է երթևեկի։ Այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է փոխհատուցելու համակարգողի երթևեկության ծախսը։ Պատկերացնենք, համակարգողը նստած է X գյուղի դպրոցում, և 10 կմ հեռավորության վրա գտնվող Y դպրոցից զանգ է գալիս, որ դպրոցում խողովակ է պայթել։ Ինչպե՞ս է տեղաշարժվելու համակարգողը։ Եթե պետք է իր գրպանից ծախսի, ապա դա անընդունելի է։ Եթե պետք է դպրոցի բյուջեից վճարվի, ապա այդ գումարը կարող է ամսական 200-300 հազար կազմել։
Կա նաև աշխատողներին վերահսկելու խնդիր։ Ո՞վ է վերահսկելու պահակների, հավաքարարների, մյուս աշխատակիցների աշխատանքի ներկայանալու փաստը, եթե համակարգողը 4 տարբեր դպրոցներում է աշխատում։
Մի կարևոր հանգամանք էլ կա։ Դպրոցի տնօրենները ներկայումս շատ հարցեր լուծում են ծնողների աջակցությամբ։ Դա գաղտնիք չէ և հասկանալի երևույթ է՝ հաշվի առնելով դպրոցների ֆինանսավորման ցածր մակարդակը։ Համակարգողը նման սերտ կապ ծնողների հետ չի ունենալու։ Հետևաբար՝ նախարարության այն թեզը, որ կարող են գումար խնայել, դժվար թե արդարանա, քանի որ մեծանալու են դպրոցի պահպանման ծախսերը՝ ծնողների ավելի պասիվ ներգրավման պատճառով։ Կառավարման այս մոտեցման պարագայում որոշ դպրոցներում արագ արձագանքման խնդիր է առաջանալու։
Իհարկե, այս փոփոխությունն ունի նաև դրական կողմեր։ Դրականն այն է, որ դպրոցի տնօրենը կարող է զբաղվել միայն բովանդակային հարցերով։ Եվ եթե դպրոցն ունենա հոգատար ու ազնիվ համակարգող, ապա արդյունքներն ավելի լավը կլինեն։ Մնում է գտնել մի քանի հարյուր մարդկանց, որոնք պատրաստ են ազնվորեն աշխատել դպրոցներում։
Շատ բան ավելի պարզ կդառնա համակարգի ներդրման ժամանակ։ Կարևոր է, որ համակարգն աշխատի։ Եթե այս ռեֆորմն էլ չաշխատի, ապա մեր դպրոցների վիճակն էլ ավելի կվատթարանա։ Հետևաբար՝ ռեֆորմի հեղինակները պետք է պատասխանատվություն ստանձնեն և փորձեն հաջողությամբ այն իրականացնել։ Անհրաժեշտ է, որ ռեֆորմի հեղինակները շարունակեն մնալ իրենց պաշտոններում, որպեսզի վերջապես մի ռեֆորմ Հայաստանում լիարժեք իրականացվի։ Եթե նրանք գնացին, ապա հաջորդ պաշտոնյաները հայտարարելու են, որ նախկինները սխալ որոշումներ են կայացրել։