
ԱՄՆ-ը 250 «Աբրամս» տանկ կվաճառի Լեհաստանին

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը M1A2 SEPv3 տարբերակի 250 Abrams տանկ Լեհաստանին վաճառելու համաձայնություն է տվել: Այդ մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Շատ կարեւոր նորություն է Լեհաստանի անվտանգության համար: Պետական դեպարտամենտը (ԱՄՆ-ի) M1A2 SEPv3 նորագույն տարբերակի 250 Abrams տանկ վաճառելու համաձայնություն է տվել»,- Բլաշչակը գրել է Twitter-ում:
Բլաշչակն այն կարծիքին է, որ Լեհաստանի կողմից ամերիկյան տանկերի գնումն ամենակարեւոր ռազմական պարտավորագրերից մեկն է լեհական պատմության մեջ:
«Սա մեր պաշտպանական հնարավորությունների արտասովոր կարեւոր ամրապնդումն է եւ ամենակարեւոր ռազմական պարտավորագրերից մեկը լեհական պատմության մեջ»,- նշել է նա:
Ավելի վաղ, ազդարարելով այս տանկերի գնման մասին, Լեհաստանի իշխանությունները հաղորդել են, որ դրանք պլանավորում է տեղակայել երկրի արեւելյան սահմանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: