Ալիևը նոր դեր է ստանում Պուտինի համար, իսկ թե ինչով է զբաղված ՀՀ դիվանագիտությունը, շատ բարդ է հասկանալ․ Տարասով

Գալիք շաբաթ նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցը Մոսկվա։ Այս մասին տեղեկատվություն է հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։

Նշվում է, որ այցը կարևոր նշանակություն կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար։

Վերջին անգամ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել հունվարի 18-ին Իլհամ Ալիևի Կիև կատարած այցից անմիջապես հետո։

Հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է անվտանգության երաշխիքների հարցով Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի վարած բանակցությունների ընթացքը:

«Հաշվի առնելով Ալիևի վերջերս Կիև կատարած այցը, քննարկվել է ներուկրաինական ճգնաժամի կարգավորումը, որը հապաղում է Կիևի ապակառուցողական դիրքորոշման հետևանքով: Բացի այդ, Պուտինն Ալիևին պատմել է Միացյալ Նահանգների և այդ երկրի դաշնակիցների հետ անվտանգության երաշխիքների հարցով տեղի ունեցած բանակցությունների մասին»,- ասված էր Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Կրեմլը նշել էր նաև, որ հեռախոսազրույցում Պուտինը պաշտոնակցի հետ քննարկել է նաև Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները և դրանց կապակցությամբ ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունը:

«Մտքերի փոխանակման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ Ղազախստանում իրավիճակը հաջողվել է արագ կարգավորել, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ խաղաղապահների ներկայության շնորհիվ»,- ասված էր հաղորդագրությունում:

Պուտինը և Ալիևը վերահաստատել էին ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման իրենց մտադրությունը: Ի դեպ, հունվարի 22-ին էլ տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։

168am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այցը, հնարավոր է, տեղի ունենա, դեռ հստակ տեղեկատվություն դրա վերաբերյալ չի հնչել։

Սակայն, նրա կարծիքով, նման այցի կայացումը տրամաբանական կարող է լինել։ Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց հատկապես այն հանգամանքի վրա, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը օրեր առաջ զանգահարել էր Իլհամ Ալիևին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բնորոշ չէ զանգեր անել ոչ անդամ երկրների ղեկավարներին, իսկ եթե նման մակարդակով հեռախոսազրույց է տեղի ունեցել, ուրեմն դրա համար կան լուրջ պատճառներ։

Տարասովը կարևորեց նաև հեռախոսազրույցի բովանդակային երկու ուղղությունները՝ էներգետիկ ոլորտում համագործակցություն և իրավիճակի սրացում Ուկրաինայի շուրջ։

«Իհարկե, նման զանգի համար կարևոր էր նաև Ադրբեջան-ՆԱՏՕ մերձեցումը, որի հերթական փուլին ականատես եղանք դեկտեմբերին, երբ Ալիևը դեկտեմբերի կեսերին այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հանդիպում Ստոլտենբերգի հետ, որից մեկ ամիս անց ՌԴ-Արևմուտք բանակցությունների ֆոնին այցելեց Կիև և, ըստ մի շարք վերլուծաբանների, փորձեց որոշակի դերակատարություն ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև, որի ապացույցն էր նաև հետո նրա զանգը Պուտինին։

Կիևից հետո այցը Մոսկվա կարող է նշանակել, որ նա շատ ավելի մեծ դերակատարություն կարող է ստանձնել, քան միայն կողմերից տեղեկություն ստանալն է, ու դա ՆԱՏՕ-ն ևս ընդունում է, որը անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների մեջ է Մոսկվայի հետ։

Սրան զուգահեռ՝ նման ավելի հրապարակային դեր է ստանձնել Էրդողանը՝ հրավիրելով Պուտինին ու Զելենսկիին Թուրքիա, որը Մոսկվան դեռ չի ցանկանում ուղիղ ընդունել, սակայն, փաստորեն, Ալիևին ևս դեր է տրվում, կա որոշակի գործընթաց, որը ոչ լիովին է հասկանալի, բայց կարելի է ենթադրություններ անել, որ Ալիևին որոշակի դեր է տրվում։ Չի բացառվում, որ այդ դերն Էրդողանի հետ է։

Կասկածներ ունեմ այն հարցի շուրջ, թե որքանով կհաջողվի այս միջնորդությամբ հարցեր լուծել Ռուսաստանի և Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի միջև, սակայն նման հարցերում միջամտությունը, դրա ճանաչումը դերի աճ է ենթադրում, որը կարող է ունենալ իր հետևանքները տարածաշրջանի վրա, որտեղ Ադրբեջանն իր հարցերն ունի դեռ լուծելու, և այդ դերը ՀՀ-ի օգտին չէ։

Մոսկվայի այցի կայացման դեպքում օրակարգային գլխավոր հարցերից կլինի իրավիճակն Ուկրաինայի կամ անվտանգության երաշխիքների շուրջ, ինչպես նաև զարգացումները Հարավային Կովկասում։ Այս ֆոնին, թե ինչով է զբաղված ՀՀ դիվանագիտությունը, շատ բարդ է հասկանալ, որևէ աշխատանք չի նկատվում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս