
«Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին։ Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս, Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի եւ Բեռլինի գրավման հերոս, հայազգի ականավոր մարշալի հուշարձանին։
Մարշալ Բաբաջանյանը մասնակցել է Սմոլենսկի պաշտպանությանը, Ելնայի օպերացիային,Կուրսկի հերոսական ճակատամարտին եւ, իհարկե, Բեռլինի գրավմանը։
Անուրանալի է հայ ժողովրդի զավակների ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։
Մարշալ Բաբաջանյանին ամենադիպուկ բնորոշումը տվել է ԽՍՀՄ մարշալ,Մեծ Հաղթանակի խորհրդանիշ Գեորգի Ժուկովը։ Խոսելով Բեռլինի գրավման պատասխանատուներից Համազասպ Բաբաջանյանի մասին՝ Հաղթանակի մարշալն ասել է.
«Այդ հայը վստահաբար կկատարի առաջադրանքը։
Նա վախ չունի, հնարամիտ է եւ օժտված»։
Հայ ժողովրդի պանծալի զավակ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը բացվել է 2016-ի մայիսի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ։
Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։