
Երևանում դանակահարվել է 34-ամյա տղամարդ. հարուցվել է քրեական գործ

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից փետրվարի 17-ին ժամը 20:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցից «Որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող թափանցող վերք՝ մեծ ճարպոնի վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ:
Նախաքննության ընթացքում վերջինս ճանաչվել է տուժող, զննության է ենթարկվել հիվանդանոցի կրիմինալ մատյանը, առգրավվել է տուժողի հագուստը, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը՝ արնանման հետքերով, ինչպես նաև՝ նշված դանակի տուփը: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 34-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: