Բաժիններ՝

Գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություններ կատարած անձինք հայտնաբերվել են

Փետրվարի 12-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություն անելիս հանցագործներից մեկին բռնել են:

Բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ րոպեներ անց կասկածվողներից մեկը՝ հենց դեպքի վայրից, մյուսը՝ Ազատության պողոտայից բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք, ևս երկու հանցակցի հետ, որոնց ինքնությունը պարզվում է, փետրվարի 7-ից 9-ը նշված կենտրոնից գողացել են երեք օդորակիչ ու մալուխ:

Օդորակիչները վաճառել էին, իսկ մալուխը Խարբերդի տարածքում այրել էին, առանձնացրել պղինձն ու հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզեցին նաև, որ գողոնը տեղափոխել էին Սյունիքի մարզի մի բնակչի մեքենայով, որը նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց:

Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները հունվարի 31-ին նույն կենտրոնից գողացել են 20 մետր պղնձե խողովակներ, 30 մետր մալուխ, 4 էլեկտրական սղոց, 5 էլեկտրական շաղափ, 2 զոդման սարք և 2 բենզասղոց:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Նրանց բնակարանների խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է:Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս